Մի՛ վախեցիր ուրախանալ
Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: Արդյո՞ք դարձել ես իսկական մարդ:
Այստեղ այն բնորոշ գծերը նշեցի, որոնք մեզ համար պետք է նշան հանդիսանան, որ մեր կյանքը համապատասխանում է Եկեղեցու հոգևոր կյանքին: Ականջ դիր «սրտիդ խորքին», որտեղ ամեն բան հանդարտվում է: Որքան հաճախ ես դեպի այնտեղ ձգտում՝ այնքան աշխարհիկ տրտմության համար դժվար է դառնում այն ալեկոծելը: Լսում ես, սակայն չես անհանգստանում: Ցավում ես, սակայն չես խենթանում: Հանգիստ ես ու դիմացկուն: Քեզ ընկճելը հեշտ չէ: Ոչ ոք և ոչինչ քեզ չի կարող վրդովել: Վիրավորանքներից չես նեղանում, չես ընկնում տխրության գիրկը: Ընտրությունը քոնն է:
Կպահպանե՞ս արդյոք հոգիդ Քրիստոսի երանության հետ միասին: Այս ամենը մտածելու տեղիք է տալիս: Քրիստոս օգնում է քեզ, որ ամեն ինչ այլ կերպ տեսնես: Քրիստոսի միտքն ուղղորդում է քեզ, առօրյադ հոգևոր լույսով լցնում, սովորեցնում է սիրել ու սիրված լինել, հարազատ՝ հոգևոր առումով, մարդկային, սուրբ:
Ապրի՛ր
Անիմաստ ու աննպատակ կյանք: Ամեն օր այսպես ես գնահատում ապրածդ օրերը: Ժամերով տանջվում ես, հոգնում, ձանձրանում, ժամանակից շուտ ծերանում: Բավակա՛ն է սա ինքդ քեզ ներշնչես: Լուծում կա՛, ելք կա՛: Գեղեցկությամբ լցրու կյանքդ, շփումներդ, տունդ, աշխատանքդ: Փոխվի՛ր:
Փնտրիր այն, ինչը քեզ չի գոհացնում և բարելավիր դա՝ առանց երկնչելու, հանձնվելու ու տրտնջալու: Դու սովորաբար քո կյանքով չես ապրում, այլ այն կյանքով, որ ուրիշներն են քեզ պարտադրում՝ ծնողները, հասարակությունը, քաղաքական գործիչները, ուսուցիչները, հոգևորականները: Անգիտակցորեն համաձայնվում ես ստացածդ դաստիարակության հետ՝ առանց մի կաթիլ աշխատանք կատարելու, առանց զոհաբերության ու ջանքերի: Եվ սիրտդ խորը կսկիծով է լցվում: Իսկ այդ ամենն այն պատճառով, որ դու մոռացել ես, որ ինքնազոհաբերությունը մի բան է, իսկ ինքնասպանությունը լրիվ այլ բան:
Իսկ լուծումն ահա, թե ինչումն է. հոգուդ ու սրտիդ խորագույն թռիչքով ապրիր: Դու կոչված ես դրա համար ու տաղանդ ունես այն իրագործելու:
Քրիստոս երկիր եկավ, որպեսզի կենդանացնի, հարություն տա մեր սրտերին ու սպասումներին, այլ ոչ թե մեռցնի մեզ: Իսկ մեռցնելու եկավ նա մեր սուտը, այլ ոչ թե մեր կյանքի ուրախությունը: Ներսումդ հնչող Քրիստոսի ձայնով կյանքդ զարդարվում է, հանդարտվում և ապրելն ավելի ուրախալի է դառնում:
Եթե տանջվում ես, գտիր, թե ինչին ես ձգտում ու կյանքի կոչիր դա: Ինքնաճանաչումը, անկեղծությունը, համարձակությունը, փոփոխությունները, ապաշխարությունն, այս ամենն առանց ցավի չի լինում: Բայց դու այլևս չես վերադառնա դեպի խղճուկ անցյալդ, այլ ընդհակառակը՝ կսկսես սքանչելի ապագայում ապրել:
Հաճախ մենք մեր կյանքով չենք ապրում: Այդ պատճառով էլ տառապում և ուժասպառ ենք անում ինքներս մեզ:
Մի աղջիկ վարսահարդար էր ու շատ երջանիկ էր: Դա այն էր, ինչի մասին նա երազել էր: Իսկ մեկ ուրիշը պատրաստվում է բժիշկ դառնալ, բայց տանջվում է, որովհետև ձգտում չունի: Նա սխալ է մոտեցել ընտրած ճանապարհին:
Իսկ դու մի՛ վախեցիր ուրախանալ: Բավարար է միայն ամեն բան Աստծո հանդեպ ունեցած երախտագիտությամբ անել: Մի՛ վախեցիր բարօր կյանք վարել: Դու ապրում ես, արարում, որպեսզի ուրախանաս: Աստծո փառքն ու գեղեցկությունը քո տուն բեր, քո շփումներից ներս, քո աշխատանքի մեջ, ամեն բան առույգորեն արա, ինչպես հարկն է ապրիր: Վերափոխվելու ու փոփոխությունների ուղիներ փնտրիր: Համենայն դեպս ժամանակդ իզուր մի վատնիր, այլ խանդավառությամբ և ուրախությամբ ապրիր, փառաբանելով Աստծուն ու երախտագետ լինելով Նրա նկատմամբ:
Ահա՛ մենք մեր մեջ ենք ընդունել Քրիստոսի «կենդանի» Արյունը, հաղորդվել ենք Նրանով, արդ թող և՛ մեր սեփական արյունը, և՛ սիրտը, և՛ ողջ մեր կյանքը կենդանանա: Դա և՛ քեզ եմ ցանկանում, և՛ ինձ, և՛ ողջ աշխարհին: Քանի որ Քրիստոս հարություն առավ՝ մեզ արժանացնելով լավագույն կյանքի, որը մենք պետք է ուրախությամբ ու ոգևորվածությամբ ապրենք:
Ուժն աղոթքի մեջ է
– Աղոթո՞ւմ ես:
– Այո՛, աղոթում եմ:
– Իսկ ավելի հստա՞կ: Դու աղոթում ես Աստծո՞ւն, թե՞ քո կարիքների մասին:
Բայց մի շտապիր ասել, թե Աստծուն ես աղոթում: Որովհետև այդ աղոթքը մեր առօրյա գործերի նման չէ: Ասում ես. «Աղոթում եմ, առնչվում Աստծո հետ», Նրա հետ Ով խաղաղություն ու սեր է: Նայիր իրական աղոթքի ապացույցներին. դու դեպի լավն ես փոխվում, երջանիկ ես, դեմքդ շողում է, մարդկանց դեպի քեզ ես տրամադրում, երանելի վիճակում ես գտնվում:
Եվ, միևնույն է, ասում ես, թե աղոթո՞ւմ ես, բայց մտածիր, թե երեխադ ինչո՞ւ հոգումդ փոփոխություններ չի տեսնում, չնայած այն բանին, որ ինքդ քո մասին որպես հոգևոր մարդու ես խոսում, եկեղեցի ես գնում: Հիշենք, թե Տիրոջ աղոթքն ինչպիսի ուժ ուներ: Երբ Քրիստոս աղոթում էր Հորդանան գետում՝ Երկինքը բացվեց, Թաբոր լեռան վրա՝ Աստվածային լույսը փայլատակեց, Ձիթենյաց լեռան վրա՝ հռովմեացի զինվորները գետնին ընկան: Ահա՛, թե ինչպիսի աղոթք էր:
Մեզ էլ է այդպիսի աղոթք վայելում: Այն դուրս է հանում մեզ առօրյա ունայնության աղմուկից և շրջապատում լռությամբ ու հանգստությամբ: Երբ դու իրապես աղոթական վիճակում ես գտնվում, ապա ամեն բան մոռանում ես՝ օրը, ժամը, վայրը, սնունդը, կարիքները: Դու այլ վայրում ես ապրում: Ինչպես սուրբ Նեկտարիոսը, ով ծովի հարթ մակերևույթի անդորրի պես «ձուլվում» էր աղոթքի անխռովության հետ:
Աղոթքը ճանապարհորդություն է դեպի անհայտ մի վայր, ճանապարհորդություն՝ ծովերի ու օվկիանոսների միջով:
Ես աղոթում եմ, որպեսզի Նրա պես դառնամ, այլ ոչ թե, որպեսզի Աստծո վրա դնեմ տառապանքի ու տագնապի սեփական լուծս: Աղոթում եմ, որպեսզի Դու ինձ փոխես, իմ Քրիստոս, այլ ոչ թե ես Քեզ ինձ «հարմարեցնեմ»:
Աղոթքին անհրաժեշտ պայմաններն են. ուղղակի պետք է ուղեղը սրտում տեղավորել: Հանգստացնել այն ու մնալ սրտի լռության մեջ: Այն մի դուռ է, որ տանում է այնտեղ, ուր խնդիրներ չկան:
Սակայն մի պատճառով ես աղոթքի լռությունը չեմ տանում: Իմ ուղեղը զբաղված է մտքերի անվերջ հոսքով, իմ կյանքն ունայնություն է, և այն կլանվում է այս աշխարհի բարիքներով:
Կան մարդիկ, ովքեր աղոթելիս մոռանում են իրենց խնդիրները: Ձուլվում աստվածային բարեբերության հպման մեջ: Տագնապն անհետանում է: Հոգին լցվում է հույսով, սիրով և վստահությամբ:
Իսկ երբ հեռանում ես աղոթքից, ապա ինքդ քեզ ինչ-որ մեծ ու նշանակալից բանից ես զրկում: Ինքդ քեզ լքված ու անօգնական ես թողնում:
Ամեն օր մի քիչ աղոթիր: Իսկ եթե Աստծո հետ չես կարողանում խոսել, ապա կարող ես, ասենք, կնոջդ կամ ամուսնուդ հետ խոսել, կամ էլ՝ երեխաներիդ: Փոքրից սկսիր, փորձիր «փափկեցնել» հոգիդ, ավելի զգայուն դարձնել «տեսանելի» մերձավորներիդ, ի Քրիստոս եղբորդ նկատմամբ: Կյանքումդ եղած այդ փոքր բանի շնորհիվ Տերը քեզ աղոթական տրամադրվածության կբերի: Դա կարծես սկիզբն է: Եվ այդժամ դու «հափշտակվում» ես աղոթքով, սկսում ես ասել այն, ու այլևս աշխարհի ոչ մի ունայնություն քեզ չի կարող շեղել:
Ես հեշտությամբ եմ աղոթքի մասին խոսում, բայց դժվարանում եմ անել: Բառերը միշտ էլ գործերից խիզախ են: Ներեցեք:
Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի