Նվիրատվություն
«Գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն կառավարության նիստում այսօր կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ուսումնասիրելով որոշման նախագիծը, համապատասխան հավելվածները եւ տեղեկանքները՝ հասկանալի է դառնում, որ որոշման ընդունումը պայմանավորված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմված համապատասխան տեղեկանքներից հասկանալի է դառնում, որ Հայաստանի այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է, առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ: Եվ խոշոր եւ մանր եղջերավոր անասուների կերի ծավալների ավելացումն ու որակի բարելավումը, ինչպես նաեւ արոտավայրերի ջրարբիացումը, ծրագրի շահառուներին տեխնիկայով եւ անհրաժեշտ սարքավորումներով ապահովումն էլ դարձել հրատապ պահանջ:
Այսպիսով դեռեւս 2011 թվականին ՀՀ կառվարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված N 4891 AM վարկային համաձայնագրով հաստատվել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: Ծրագրի գլխավոր նպատակը եղել է արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը՝ անասնապահությունն է:
Հենց այս ծրագրի շրջանակներում էլ ծրագրային թիրախ համայնքներում (Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզեր) բնակիչների կողմից ստեղծվել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, որոնք հանդիսանալով ծրագրի շահառուներ, իրենց կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման համար գյուղատնտեսական տեխնիկայով համալրման կարիք են զգում:
Արդյունքում կոոպերատիվների համար ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել անհրաժեշտ գույք` գյուղատնտեսական տեխնիկա, որի արժեքի հիսուն տոկոսը` ծրագրի պահանջներին եւ կոոպերատիվների հետ կնքված պայմանագրերին համապատասխան, ներդրվել է այդ կոոպերատիվների կողմից: Գյուղատնտեսական տեխնիկան պահատվության պայմանագրերով հանձնվել է համապատասխան կոոպերատիվների պահպանությանը:
Ծրագրի այլ բաղադրիչով համայնքների համար ծրագրի շրջանակներում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (ջրարբիացման ցանց, խմոցներ), որոնց արժեքի հինգ տոկոսը` ծրագրի պահանջներին եւ համայնքների հետ կնքված պայմանագրերին համապատասխան, ներդրվել է այդ համայնքների կողմից:
Այնուամենայնիվ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ կառավարության կողմից սույն որոշման ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ այն կապահովի ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի, կառուցված ջրարբիացման համակարգերի տնօրինման եւ հետագա շահագործման, ծրագրի շահառուների տեխնիկական աջակցության խնդիրը:
Արդյունքում ակնկալվում է, որ որոշման ընդունումից հետո կբավարարվի ՀՀ 6 մարզի 32 համայնքում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների պահանջարկը գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ, ինչպես նաեւ վերը նշված մարզերի 14 համայնքի արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով: