Շարմազանովն արձագանքում է Հունաստանի քվեարկության վերաբերյալ ապատեղեկատվությանը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ԵԽԽՎ-ում քննարկվող երկու հակահայ զեկույցներից մեկը մեծ չարիք էր, մյուսը՝ չարյաց փոքրագույնը:
«Հայկական կողմը կարողացավ չեզոքացնել մեծագույն չարիքը, խոսքը Ռոբերտ Ուոլտերի զեկույցի մասին է, որը քաղաքական վտանգ էր պարունակում, փորձ էր արվում Մինսկի խմբի համանախագահության զուգահեռ ստեղծել մեկ այլ հարթակ, այն է՝ ԵԽԽՎ-ն և խնդիրը տեղափոխել այնտեղ՝ շահարկելով այդ հարցը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ վստահեցնելով, որ այդ ամենը Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն էր:
Մեր զրուցակիցը շնորհակալություն հայտնեց, թե՛ մեր պատվիրակության անդամներին՝ պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, թե՛ մեր դիվանագիտական կորպուսին, թե՛այն երկրների պատվիրականերին, ովքեր որ դեմ քվեարկեցին այդ զեկույցին:
«Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին, ապա ավելի շատ հումանիտար սոցիալական խնդիր է քաղաքական շեշտադրումներով, սակայն գլխավորն Ուոլտերի բանաձևն էր, որը կանխեցինք: Հետագայում մենք նոր բանաձևեր մտցնել, որպեսզի չեզոքացնենք Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցը»:
Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ ինքն անձամբ այցելել է հինգ երկիր, հանդիպել այդ երկրների Ազգային ժողովի նախագահների, պատվիրակների և համայնքների հետ և կարող է փաստել, որ բոլորն էլ աշխատանքներ են տարել Ուոլտերի զեկույցի մերժման ուղղությամբ:
«Կարող եմ ասել, որ կատարվել է ահռելի աշխատանք և գոնե իմ մասով, այն 5 երկրներում, որտեղ ես եմ բարեկամական խմբի ղեկավարը, նրանց պատվիրակները քվեարկել են բարեկամաբար և բոլոր այդ երկրներն առանց բացառությամբ քվեարկել են ի օգուտ Հայաստանի: Հունաստանը՝ 4 ձայն մեզ, 2-ը՝ նրանց, Լատվիան՝ 2-ը՝ մեզ, 0-ն՝ նրանց, Էստոնիան՝ 2-ը՝ մեզ, 0-ն՝ նրանց, Չեխիան՝ 1-ը՝ մեզ, մնացածը չեն քվեարկել, Կիպրոսը՝ 1-ը՝ մեզ, 0-ն՝ նրանց, Լիտվան՝ 2-ը՝ մեզ, 1-ը՝ նրանց: Այսինքն՝ բոլոր այդ երկրները քվեարկել են ի նպաստ Հայաստանի, ի նպաստ խաղաղության»,- պարզաբանեց փոխնախագահը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով, թե այդ երկրներին, թե ԵԽԽՎ-ում ներկայացված պատվիրակներին:
Շարմազանովն անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Հունաստանի քվեարկությունըտ կիսվել է՝ 2 պատվիրակ կողմ է քվեարկել, 2-ը՝ դեմ: Նա խորհուրդ տվեց նախ ուսումնասիրել ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:
«Նման բան չկա, դա սուտ է: Բացեք և նայեք ԵԽԽՎ պաշտոնական կայքը և կհամոզվեք, որ 4 պատվիրակ քվեարկել է զեկույցին դեմ, իսկ 2-ը՝ կողմ»,- պարզաբանեց Շարմազանովը՝ անկեղծանալով, որ իրենք կարողացել են այնպես անել, որ նույնիսկ Դորա Բակոյանիսի ներկայացուցիչը քվեարկի ի օգուտ Հայաստանի, այլ ոչ թե իր կուսակցության որոշման համաձայն, ինչպես որ ասել էր Բակոյանիսը: