Շաբաթապահք՝ Սուրբ Սարգսի տոնից առաջ
Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն Ս. Սարգսի տոնը հաջորդում է Առաջավորաց (առաջին) պահքին, որը 301 թվականին հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Այն շաբաթապահք է: Հայ եկեղեցու ընդհանրական առաջին այս պահքը հաստատվել է Տրդատ III-ի և հայ ժողովրդի դարձի ժամանակ: Հնգօրյա պահեցողությունից ու ծոմապահությունից հետո միայն Ս. Գրիգորը մկրտեց հայոց արքային ու հավաքված ամբողջ բազմությանը` նրանց քրիստոնեական ընտանիքին անդամագրելով:
Առաջավորաց պահքը Ս. Սարգսի տոնի հետ կապ չունի, քանի որ Հայ եկեղեցու ավանդույթի համաձայն շաբաթապահքեր կամ մեծ պահքեր սահմանված են միայն տերունի, տաղավար տոներից առաջ: Ս. Սարգսի տոնը պարզապես համընկնում է այս պահքին: Եվ չնայած դրան` պահեցողները Ս. Սարգսի տոնի առթիվ մատուցված Ս. Պատարագի ընթացքում կարող են լուծել իրենց պահքը և հաղորդություն ստանալ:
Աղաբլիթ ուտելու և ալյուրով կամ աղանձով սկուտեղները տանիքին դնելու սովորույթները տոնի ժողովրդական կատարումներում են պահվել: Դրանք աստվածաբանական եզրեր չունեն, սակայն որպես գեղեցիկ ավանդույթ Հայ Եկեղեցու կողմից չեն մերժվել:
Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու համար, թե ով է ապագա հարսնացուն կամ փեսացուն։
Թե երբվանից է սկսվել այս սովորույթը, հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է նաև, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում են պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։