Երբ խոսում են պատերը…
«Ես սիրում եմ քեզ, Անի՛», «Ա+Ս=Ս», «Լյութո», «Վզգո 25.01.2007» և նամանատիպ բազմաթիվ արտահայտություններ, մակագրություններ կարող ենք կարդալ ցանկացած կրթօջախի մերձակայքում գտնվող շինությունների պատերին, իսկ եթե մտնեք դպրոց կամ բուհ, մակագրությունների առատությունից գլուխներդ կկորցնեք: Դրանք նույնիսկ «ժանրային դասակարգում» ունեն` սիրային, երգիծաբան, անվանողական, փառաբանողական, հարցուպատասխանային և այսպես շարունակ: Ամենատարածվածը սիրային խոստովանություններն են` ոչ միայն պարզ հավասարումների այլև բանաստեղծական տողերի տեսքով.
«Աղջի, անաստված, նստի լսարանում, Ի՞նչ ես դուրս գալիս ու ջիջիլ գցում: Մարդ ես զարմացնո՞ւմ , քեզ չեմ հասկանում: Քո ձայինից մեղմիկ Ես դարձա ծույլիկ»:Երբեմն ձոն-ներբողի հերոսը ոչ թե սիրած էակն է, այլ դասախոսը: ԵՊՀ մասնաշենքերից մեկի պատին գրված է.
«Sin, cos, tg, ctg Ընկեր Մատինյան, հերիք մեզ տանջես»:Չի ուշացել նաև պատասխանը. հավանաբար դասախոսի անունից գրել է մի «մտահոգ ուսանող».
«Ա՛յ շան լակոտներ, ես ձես չեմ տանջում, Իմ իսկ տվածը հետ եմ պահանջում»:Շատերը բավարարվում են սոսկ իրնց անուններն անմահացնելով: Այսպես` կրկին ԵՊՀ լսարաններից մեկի սեղանին կարմիր գրիչով գրված է` «Մերուժ»: Ներքևում կապույտ տառերով և տարբերվող ձեռագրով ավելացրել են`«Ընկեր ջան, բա ձեր ուժն ո՞ւր ա».
Պարզվում է` պատերին զրույց վարելը ևս արդիական է: Դարձյալ ԵՊՀ մասնաշենքերից մեկի պատին կարդում եմ.
«Ան, Էսօր դասից հետո կսպասես»: «Աղջի ամբողջ օրը սպասեցի, ու՞ր էիր»: «Այ գիժ, ես էտ 3 օր առաջ էի գրել…»Մերօրյա արձանագրությունները նաև տեղեկատվություն հարուստ աղբյուր են` բազմազան, այդ թվում` ինքնագովազդ, համացանցային կայքերի անվանումներ, առք ու վաճառքի հայտարարություններ…
Օրինակները կարելի է անվերջ շարունակել` հայերեն, ռուսերեն ու անգլերեն, սխալներով ու անսխալ … Եվ սա միայն ԵՊՀ մի քանի մասնաշենքերի օրինակով: