06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նայեք նրանց, ովքեր խաբում են ու նեղացնում` ինչ սարսափելի դեմքեր ունեն

Ես նույնիսկ մի օր չեմ հիշում, երբ աստվածային մխիթարություն չեմ զգացել: Երբեմն ընդմիջումներ լինում են և այդ ժամանակ ես ինձ վատ եմ զգում: Այսպես եմ ի վիճակի լինում հասկանալ, թե ինչ վատ է ապրում մարդկանց մեծամասնությունը: Նրանք հեռացել են Աստծուց և այդ պատճառով էլ զրկվել աստվածային մխիթարությունից: Որքան մարդն ավելի է Աստծուց հեռանում, այնքան դժվար է դառնում նրա համար:

Իսկ եթե Աստված ունենաս, ապա կարելի է այլևս ոչինչ չունենալ և ոչինչ չցանկանալ: Ամեն ինչ դրանում է կայանում: Եթե մարդ ամեն ինչ ունի, բայց Աստված չունի, ապա ներքին տառապանք է զգում: Այդ պատճառով էլ, որքան հնարավոր է, պետք է մոտենանք Աստծուն: Միայն Աստծուն մոտ գտնվելով է մարդ իրական, հավիտենական ուրախություն գտնում:

Քաղցր Հիսուսից հեռու ապրելով՝ մենք դառը բաժակ ենք խմում: Երբ հին մարդը դառնում է մարդ՝ թագավորի որդի, ապա սնվում է աստվածային վայելքներով, երկնային քաղցրությամբ ու դրախտային ուրախություն է ապրում՝ արդեն այս կյանքում մասնակիորեն զգալով դրախտային խնդությունը: Դրախտային փոքր ուրախությունն օրեցօր ավելի է աճում: Մարդն ինքն իրեն հարց է տալիս. «Մի՞թե դրախտում ավելի մեծ բան կա, քան այն, ինչ ես հիմա եմ զգում»:

Նա այնպիսի վիճակում է, որ չի կարող ոչնչով զբաղվել: Նրա ծնկները մոմի պես ծալվում են աստվածային այդ ջերմությունից ու քաղցրությունից: Նրա սիրտը բերնեբերան լի է, թրթռում է ուրախությունից, ցանկանում է կրծքավանդակի կավե միջնապատը ճեղքել ու դուրս թռչել, որովհետև աշխարհն ու ամեն աշխարհայինը դատարկ բան է թվում սրտին:

Սկզբում մարդ շփման մեջ էր Աստծո հետ: Բայց հետո հեռացավ Աստծուց ու իրեն այնպես էր զգում, կարծես սկզբում պալատում էր ապրել, իսկ հետո պալատի դարպասներից հավիտյանս այն կողմ հայտնվելով՝ հեռվից պալատին էր նայում ու լաց լինում: Ինչպես մորից հեռու գտնվող երեխան է տանջվում, այնպես էլ Աստծուց հեռացած մարդն է տառապում:

Մարդ դժոխային տանջանք է զգում Աստծուց հեռանալով: Սատանային հաջողվել է մարդուն այնքան հեռացնել Աստծուց, որ մարդիկ սկսել են կուռքերի պաշտել ու իրենց երեխաներին զոհաբերել դրանց: Ի՜նչ սարսափելի է: Թե որտեղի՞ց են այդքան «աստվածներ» պեղում այդ դևերը: Քամոս «աստված»*… Միայն անունը բավական է: Սակայն ամենից առավել սատանան է տանջվում, քանի որ ամենից շատ է Աստծուց ու սիրուց հեռացել: Ու եթե սերը հեռանում է, ապա սկսվում է դժոխային տանջանքը: Սիրո հակադիրը ո՞րն է: Չարությունը: Իսկ չարությունն ու տառապանքը նույնն են:

Նա, ով հեռացել է Աստծուց՝ դիվային ներգործության է ենթարկվում, իսկ Աստծո հետ ապրողն աստվածային բարեշնորհությունն է ստանում: Աստծո բարեշնորհությունը տրվում է այն ունեցողին: Իսկ եթե մարդ մի փոքր բարեշնորհություն ունի, սակայն համապատասխան ակնածանքով չի վերաբերվում դրան, ապա այդ քիչն էլ է նրանից վերցվում (Ղուկ. 19:26):

Ժամանակակից մարդիկ Աստծո բարեբերության կարիքն ունեն, որովհետև մեղք գործելով՝ բարեբերության այն փշուրներն էլ են կորցնում, որ ունեին: Իսկ երբ Աստծո բարեշնորհությունը հեռանում է՝ դևերն են մոլեգնորեն հարձակվում մարդու վրա: Եվ նրանք այս կյանքում այնքան դառնություն են զգում, որքան որ հեռացել են Աստծուց: Մյուս կյանքում հավիտենական դառնություն պիտի ճաշակեն:

Մարդ որքան Աստծո կամքի համեմատ է ապրում, այնքան որոշ չափով վայելում է դրախտային քաղցրությունը դեռևս այս կյանքում: Կա՛մ արդեն այս կյանքում դրախտային ուրախությունը կունենանք որոշակի չափով և այստեղից դրախտ կգնանք, կա՛մ էլ որոշակի չափով դժոխային տառապանքի մասնակիցը կլինենք ու Աստված մի արասցե՝ դժոխք կգնանք:

Դրախտը նույնն է, թե բարին, իսկ դժոխային տանջանքը՝ չարը: Մարդ ուրախություն է զգում բարին գործելով: Մեղք գործելով՝ տառապում է: Որքան ավելի է մարդ բարություն անում, այնքան ավելի է ուրախանում, որքան ավելի է չարիք գործում, այնքան ավելի է հոգին տառապում: Գողն ուրախություն զգո՞ւմ է արդյոք: Ի՞նչ ուրախություն պետք է զգա, չէ՞ որ այն մարդն է ուրախություն զգում, ով բարիք է գործում:

Եթե ինչ-որ բան ես ճանապարհին գտնում, վերցնում ես ու ինքդ քեզ ասում, որ դա քոնն է, նույնիսկ այդ ժամանակ ես հանգիստդ կորցնում: Գտնողը չգիտի, թե ով է այդ իրը կորցրել, նա ոչ ոքի չի նեղացրել ու չի թալանել, բայց միևնույն է, կորցնում է հանգստությունը: Իսկ ի՜նչ ասես գողի մասին: Նույնիսկ, երբ մարդ մեկից ինչ-որ բան է ստանում՝ այն ուրախությունը չի զգում, երբ ինքն է տալիս: Էլ ի՞նչ ուրախության մասին է խոսքը, եթե գողանում ես ու նեղացնում: Այդ պատճառով էլ նայեք նրանց, ովքեր խաբում ու նեղացնում են մյուսներին՝ ինչ սարսափելի դեմքեր ունեն, ինչ անճոռնի կերպով են ծամածռում դեմքը:

 

* “Χαμώς” – Մովաբի ժառանգների «աստվածը» (Գ Թագ. 11:7), “χαμός” – կորուստ, կործանում, վնաս (արդի հունարենով)

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ