06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նրանք, ովքեր վատ են խոսում, պետք է վախենան և դողան

Աստված մեր մեջ տրտմություն է դրել ոչ այն բանի համար, որպեսզի մենք տրվենք նրան անմտորեն և ընդմիշտ` դժբախտ հանգամանքներում, ոչ այն բանի   համար, որ կործանենք մեզ, այլ որպեսզի նրանից մեծագույն օգուտ քաղենք: Տրտմության ժամանակն այն չէ, երբ մեզ դժբախտություն է պատահում, այլ երբ մենք վատ գործեր ենք անում:

Մինչդեռ մենք աղավաղել ենք այդ կարգը և փոխել եղանակները. կատարելով բյուր չարություններ` մենք չենք կործանվում նույնիսկ կարճ ժամանակով, իսկ եթե որևէ մեկի կողմից ինչ-որ չնչին  բան ենք  սպասում,   ընկճվում ենք, խռովվում և պաղատում մեզ ազատել ներկա կյանքից, չիմանալով, որ տրտմություններն ու փորձությունները, մեզ հետ պատահած տխրությունները ոչ պակաս, քան բարիքները,  բացահայտում  են  մեր  նկատմամբ ունեցած Աստծո խնամակալությունը:

Բայց դե, ինչ եմ ասում այսկողմնային տրտմությունների մասին: Նույնիսկ դժոխքի սպառնալիքը ոչ ավելի, քան երկնային արքայությունը, ցույց են տալիս Նրա մարդասիրությունը, որովհետև, եթե Նա չսպառնար դժոխքով, ոչ ոք այդքան հեշտությամբ չէր հասնի երկնային երանության: Իրոք, սոսկ երանության խոստումը բավական չէր առաքինի  դառնալու  համար,  եթե  առավել անփութությամբ դրան  վերաբերողները  պատժվելու  երկյուղ  չունենային: Բացի այդ,  թախիծն  ու տրտմությունը  այն  բանի համար չեն, որպեսզի մենք վշտանանք մահվան առիթով, հարստության կորստի առիթով կամ նման այլ բաների առիթով, այլ որպեսզի, օգտվելով դրանից, քավենք մեր մեղքերը: Չէ որ անգամ զինվորը, երկյուղելով մահից, ոչ մի հերոսական բան չի անի:

Այսպիսով, տրտմողը պետք է վշտանա ոչ այն բանի համար, որ ինքը պատժվում է, այլ այն բանի համար, որ իր մեղքերով բարկացնում է Աստծուն: Առաջին տեսակի տրտմությունը մեզ հեռացնում է Աստծուց և Նրան մեզ թշնամի դարձնում, երկրորդ տեսակի տրտմությունը առավելապես Նրան հաշտեցնում է մեզ հետ ու ավելի մերձեցնում: Այն բանի համար չես եկել աշխարհ, ով մարդ, որ հենց այնպես ապրես, ոչ էլ այն բանի համար, որ ոչ մի դժբախտություն չպատահի, այլ այն բանի համար, որպեսզի փառավորվես տառապանքներով:

Քաջարի մարդը չպետք է խաղաղություն և հաճույքներ փնտրի, այդպիսի ձգտումը շատ ավելի հատուկ է ճիճվին, քան բանականություն ունեցող (մարդուն): Անշուշտ, պետք է աղոթես, որ փորձանքի մեջ չընկնես, բայց եթե երբևէ ընկնես, մի տրտնջա, մի խռովվիր ու ընկճվիր, այլ ողջ կարողությամբ ջանա, որ ավելի փառավոր լինես: Միթե չես տեսնում, որ ամենաքաջարի զինվորները, երբ լսում են փողերի կանչը,  խորհում են ավարի, հաղթանակի ու նախնիների սխրանքների մասին:

Այդպես և դու, հոգևոր փողի ձայնը լսելիս,   առյուծից ավելի ուժեղ եղիր. հանդես արի, թեկուզ առջևդ կրակ է, թեկուզ` երկաթ, տարերքներն անգամ կարողանում են հարգել այդպիսի խիզախությունը, և գազաններն են վախենում այդպիսի քաջարի մարտիկներից, և որքան էլ նրանք կատաղած լինեն, ասենք, սովից կամ էլ ըստ  իրենց բնույթի, նրանք ամեն ինչ մոռանում են և հաղթահարում իրենց ցասումը:

Ուրեմն, քրիստոնյան, եթե նա տրտմում է, կարող է ունենալ երկու առիթ` կամ երբ նա ինքն է զայրացնում Աստծուն, կամ երբ նույնը անում է մերձավորը: Ոչ թե նրանք, ովքեր ենթարկվում են անարգանքի, պետք է սարսափեն ու դողան, այլ նրանք, ովքեր անարգում են, որովհետև ոչ թե առաջինները կարիք ունեն արդարանալ վատ խոսքերի համար, որ լսել են, այլ վերջինները, որ վատ են արտահայտվել. ողջ վտանգը սպառնում է վերջիններին: Ուրեմն, նրանք, ովքեր իրենց մասին վատ խոսքեր են լսում, պետք է մնան անտրտմելի, որովհետև նրանք հաշիվ չեն տալու այն բանի համար, որ ուրիշն է վատ խոսքեր ասել, այլ ընդհակառակը, նրանք, ովքեր վատ են խոսում, պետք է վախենան և դողան, քանի որ նրանք դրա համար կենթարկվեն ահեղ դատաստանի:

Այդ պատճառով մենք պետք է տրտմենք ոչ թե առ այն, որ մեր մասին վատ խոսքեր ենք լսում, այլ առ այն, որ այդ խոսքերը մենք վաստակել ենք. եթե մենք արատավոր կյանքով ենք ապրում, ապա, թեկուզև ոչ ոք մեզ չանարգի, միևնույն է, մենք ամենադժբախտն ենք, և ընդհակառակը` եթե առաքինի դառնալ ենք ցանկանում, ապա թեկուզ ողջ աշխարհը մեր մասին վատ արտահայտվի,մենք բոլորից երջանիկ կլինենք:

Եթե մեր ոգին բարձր է, ապա թեկուզ ամեն կողմից բարձրանան անհամար փոթորիկներ, մենք մշտապես կհասնենք խաղաղ հանգրվան, և ընդհակառակը` եթե տրամադրություններս ընկած է, ապա թեկուզ ամեն ինչ նպաստի մեր հաջողությանը, մենք, միևնույն է, կհայտնվենք այն վիճակում, որ քիչ բանով կտարբերվի նավաբեկությունից:

Այս կարելի է դիտարկել նաև սննդի առումով: Երբ մեր ստամոքսը ուժեղ և ամուր է, ապա որքան էլ կոշտ կամ հում կերակուր ընդունի, այն ամեն ինչ կվերածի կազդուրիչ հյութի, քանի որ բնական տարրալուծումը հաղթահարում է սննդի վատ հատկությունները, և,  ընդհակառակը, եթե նրա ուժը նվազել է ու ամեն ինչ անում է հուլորեն, ապա թեկուզ նրան  առաջարկես ամենաորակյալ  սնունդը, այն վերածում է վատթարագույնի և լիովին փչացնում է, քանի  որ նրա թուլությունը  ոչնչացնում  է սննդի  լավագույն հատկությունները:

Հոգին, որ վարակված է տրտմությամբ և ընդելուզված թախծի ամպերով, ընդունակ չէ անխռով որևէ օգտակար բան լսելու, կամ էլ ասելու:

Տրտմությամբ վշտաբեկ հոգին չի  ցանկանում  երկար-բարակ  խոսել,  սակայն  նման այն բանին, որ երբ թանձր ամպը հանկարծ հայտնվելով  արևի ճառագայթների տակ, դրանք ետ է շպրտում, ճիշտ այդպես և թախծի ամպը, երբ հայտնվում է մեր հոգու առաջ, խոչընդոտում  է  խոսքի  ազատ  ելքը,  շնչահեղձ  անում   և բռնությամբ պահում է ներսում:

Եվ դա պատահում է ոչ միայն խոսողների, այլև լսողների հետ: Նման այն բանին, որ տրտմությունը թույլ չի տալիս ազատորեն թռչել խոսողի հոգուց, ճիշտ այդպես չի թույլատրում նրան իրեն հատուկ ուժով ներթափանցել լսողի հոգու մեջ:

Այսպես, օրինակ, երբ Հոբի մոտ գալիս են նրա ընկերները, իմանում են նրա տանը պատահած դժբախտության մասին և արդարակյացին տեսնում են թարախապալարների մեջ  նստած, ամբողջովին  պատված խոցերով, ապա պատառոտում են իրենց հանդերձները, հեծկլտում և լուռ նստում են նրա կողքին, դրանով ցույց տալով, որ վշտաբեկ մարդու համար սկզբում ավելի օգտակար բան չկա, քան անդորրն ու լռությունը:

Այսպիսով, իմացիր, Նա, Ով թույլատրում է  փորձության գոյությունը, հենց ինքը գիտի փորձության ավարտի ժամանակը: Աստված  զորավոր է  վերջ  տալու բոլոր դժբախտությունները, սակայն քանի դեռ չի տեսել կատարվելիք դարձը, վերջ չի տալիս տրտմությանը:

Զարմացիր նրանց վրա, ովքեր ենթարկվում են փորձությունների և արիաբար տանում են դրանք, ինչպես, օրինակ, երեք պատանիները: Վերջիններիս վրա ոչ ոք չէր զարմանա այն բանի համար, որ նրանք չվառվեցին, եթե նրանք հեռու լինեին բաբելոնյան հնոցից, բայց բոլորի համար ապշեցուցիչն այն է, որ այդքան ժամանակ գտնվելով կրակի մեջ, ավելի անվնաս դուրս եկան այնտեղից, քան նրանք, ովքեր կրակի մեջ չէին:

Նույն բանը կարելի է ասել նաև սրբերի վերաբերյալ. եթե նրանց գլխին փորձություններ չթափվեին, ապա  մենք ամենևին չէինք զարմանա, որ նրանք անընդմեջ ուրախանում են: Մինչդեռ, բոլոր կողմերից շրջապատված  լինելով բազում ալիքներով,  նրանք  իրենց ավելի լավ  էին զգում այն մարդկանցից, ովքեր զվարճանում էին անխռով լռությամբ:

Եթե չլիներ ոչ մի բան, որ կվշտացներ նրանց, ապա նրանց համար ոչ մի մեծ բան չէր լինի այն բանում, որ կարողանում են մշտապես ուրախանալ, սակայն  երբ   նրանք բազում վտանգների դեպքում, որոնք կարող էին հուսահատության մեջ գցել, բոլորից բարձր մնացին և ուրախացան հենց վշտերի մեջ, ապա դա արժանի է ամեն կարգի զարմանքի:

Իրոք, միթե մահը ամենաանտանելի բանը չէ: Մինչդեռ նրա սպասումը ոչ միայն չի վշտացնում նրանց, այլև ավելի քան ուրախացնում է: Նրանք գիտեն, որ մահվան գալուստը բոլոր գործերի վերջն է, որ մարդասեր Աստված միշտ էլ հարգում է իր ծառաներին, և հաճախ նրանց նվիրում է փրկություն և ուրիշ բաներ:

Այդպես Նա  վարվեց սուրբ Պողոսի հետ, աշխարհի ուսուցչի, որ ամենուր տարածում է իր վարդապետության ճառագայթները: Այսպես, երբ նրան Հռոմ էին տանում, մի անգամ ծովում մեծ փոթորիկ բարձրացավ, այնպես որ, նավում գտնվողները դողում էին իրենց փրկության համար և ծայր տագնապից հույսները կորցրել էին, այնժամ Պողոսը, դիմելով բոլորին, ասաց.

«Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերվեք, որովհետև բացի նավից, ձեզնից և ոչ մեկի անձին վնաս չպիտի հասնի,   որովհետև այս գիշեր Աստծո հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երևաց ինձ ու ասաց. «Մի վախեցիր, Պողոս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել» (Գործք, 27, 22,  24):

Միշտ պետք է հիշենք այդ մասին: Արդարև, ոչ մի բան մեզ համար այնքան օգտակար չէ, որքան Աստծո բարեգործությունների ամենօրյա հիշեցումը, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր դեպքերում: Եթե մենք ընկերոջ բարեգործությունները հիշելիս, կամ հաճելի խոսքի կամ գործի մասին լսելիս մեր հոգին ջերմանում է, ապա առավել ևս մեծ ջանադրությամբ կվերաբերվենք այն առաքինություններին, երբ գիտակցենք, թե ինչ վտանգների կենթարկվեինք և ինչպես այդ բոլորից Աստված մեզ ազատեց: Այդպես պատահեց և Պողոսի հետ: Այն մասին, թե ինչեր տարավ այդ երանելին հանուն քարոզչության` սով, ծարավ, մերկություն, նավաբեկություն, վտանգներ, դավեր, զնդան, խարազանում և այլն, կարծում եմ ոչինչ պետք չէ և ասել:

Այդ նեղություններից յուրաքանչյուրը  բավական էր, որ շփոթության  մեջ  գցեր ու կործաներ այդ  սուրբ  մարդուն: Սակայն երբ նա ասում է. «Ով է տկար, որ ես էլ տկար չլինեմ, ով է գայթակղվում, որ ես էլ չայրվեմ» (Ա Կորնթ.    11, 29), այս խոսքերում մատնանշվում է, թե ինչն էր  ամենից առաջ նրա մեջ առաջացնում մշտական և անտանելի տրտմություն:

Իսկապես, եթե նա այրվեր յուրաքանչյուր գայթակղությունից, ապա նրա հոգում երբեք չէր մարի այդ կրակը, որովհետև գայթակղությունների պակաս երբեք չէր լինի և այդ կերպ նա մշտապես սնունդ կտար կրակին: Բացի այդ, տեսնելով անհավատ հրեաներին, կարող էր նա ունենալ թեկուզ չնչին  դադար տառապանքներից ու վշտից:

«Քրիստոսից հեռացած, երդումով խնդրում էի, – ասում է նա, – ինքս իսկ նզովք լինել իմ եղբայրների և մարմնով ազգակիցների համար, որ իսրայելցիներն են» (Հռոմ. 9, 3), այսինքն` ինձ համար ցանկալի կլիներ դժոխք ընկնել, քան տեսնել   անհավատ իսրայելցիներին: Եթե նա համաձայն է տանջվել դժոխքում, որպեսզի հավատի բերի բոլոր հրեաներին, ապա պարզ է, որ չհասնելով նպատակին, ավելի ուժեղ է տառապում նրանցից, ովքեր տանջվում են դժոխքում:

Հենց նրան են ասվում հետևյալ խոսքերը. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջանում» (Ա Կորնթ. 12, 9), այսինքն` բավական է և այն, որ դու մեռյալներին հարություն ես տալիս, բժշկում ես կույրերին, մաքրում բորոտներին և կատարում ես այլ հրաշքներ, այլևս մի փնտրիր և այն,  որպեսզի անվտանգ ու անհոգ ապրես, և քարոզես առանց դժվարությունների:

Բայց դու տառապում ու տրտմում ես: Սակայն Իմ անզորության նշանը մի համարիր այն, որ շատերը չարություն են պատճառում, ծեծում, հալածում և  խարազանում են քեզ, ընդհակառակը` հենց այդտեղ է երևում Իմ զորությունը («իմ զորությունը, – ասում է, – տկարության մեջ է»), երբ դուք հետապնդվելով` հաղթում եք ձեզ հետապնդողներին, հալածված լինելով` հաղթահարում եք հալածողներին, շղթայված լինելով` դարձի եք բերում ձեզ շղթայողներին:

Անշուշտ, ծանր է լսել հանդիմանանքները` ում   կողմից էլ, որ լինեն. երբ դա անում է բարեգործվածներից ինչ-որ մեկը, երբ նա հանդիմանում ու անարգում է իրեն  արված բարերարությունը,   այդժամ հատկապես վիրավորանքը դառնում է անտանելի, և բացի տրտմությունից այնպես  է զայրացնում, որ կարող է նույնիսկ խեղդել վիրավորողին:

Նա, ով որևէ մեծ մարդուց վիրավորանք է ստանում, քիչ  բավարարություն  չի  գտնում  նրա  հպարտության զգացումը այն առավելությունից, որ նա ունենում է իրեն չարություն պատճառողից, իսկ նա, ով նույնը ստանում է չնչին և արհամարհելի մեկից, առավել մեծ դառնություն է զգում և իր տրտմությունը անտանելի է համարում:

Բայց դու ուշադրության առ ոչ թե այն, որ մարդիկ մեզ վրա ծիծաղում են, այլ  ծիծաղում են  արդարացիորեն  և արժանիորեն. իսկ եթե արդարացի են, ապա թեկուզև չծիծաղեն, մենք պետք է լաց լինենք, իսկ եթե   անարդարացի են, ապա թեկուզև բոլորը ծիծաղեն մեզ վրա, մեզ երջանիկ կհամարենք, իսկ նրանց համար լաց կլինենք` որպես ամենադժբախտ մարդկանց, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում դիվահարներից. չնայած տրտմությամբ վշտաբեկ մարդկանց համար ավելի անտանելի բան չկա, քան այն խոսքը, որ կարող է խոցել հոգին:

Այդ մասին հարմար առիթով ամեն օր կրկնեք ուրիշների ու ինքներդ ձեզ համար: Եթե մտադրություն կա ինչ-որ մեկին խնդրելու, թեկուզև նրա խնդրանքը լինի խելամիտ, նա սպասում է հարմար առիթի, որպեսզի մոտենա այն մարդուն, որից կախված է խնդրանքի  իրագործումը,  այսինքն`  երբ  նա  գտնվում է անխռով և լավ տրամադրության մեջ, և շնորհիվ  հաջող ընտրված ժամանակի ստանում է խնդրելիքը, ապա առա- վել ևս խոսողին է հարկավոր գտնել նպաստավոր պահ:

Մենք պետք է այնպես հոգ տանենք իրար, ինչպես  հոգ ենք տանում ինքներս մեզ, և գթանք մեր   մերձավորներին ճիշտ այնպես, ինչպես Աստված` մեզ: Իսկապես, ոչ ոք իրեն այնպես չի գթում, ինչպես Աստված ամենքիս, Ով մեզնից ավելի շատ է ցանկանում, որ մեզ ոչ մի չարիք չպատահի:

Ուրեմն փառք, զորություն, պատիվ և երկրպագություն, այժմ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Աղյյուրը` surbzoravor.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ