Այս խառը ժամանակներում` տագնապալից օրերին, Ս. Գեղարդի զորությունը պիտի գա
Նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեծ շուքով տոնվեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` 2014 թ. նոյեմբերի 28-ի հայրապետական սրբատառ կոնդակով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հիմնադիրների տոնը հռչակվել է Սուրբ Գեղարդի ուխտի օր:
Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ:
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի կիրակնօրյա դպրոցների ոսուցիչներ և բազում ուխտավորներ:
Օրվա կապակցությամբ Ս. Պատարագի ժամանակ հայրապետական թափորով Մայր Տաճար բերվեց նաև Աստվածամուխ Ս. Գեղարդը, որպեսզի հավատացյալ ժողովուրդը ողջ օրվա ընթացքում կարողանա համբուրել հրաշագործ Ս. Գեղարդը և ստանալ նրանից ճառագող աստվածային օրհնությունը:
Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
Մեծ ու նվիրական տոնի առիթով շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հոգևորականաց դասին, ինչպես նաև բարեպաշտ հավատացյալներին` Տեր Ասողիկն իր քարոզում ասաց. «Հիրավի, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը մեր Ազգային Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է, որովհետև այդ երկու սուրբ առաքյալներն աստվածային նախախնամությամբ դարեր առաջ` քրիստոնեության արշալույսին, եկան Հայաստան աշխարհ` Ս. Ավետարանը քարոզելու և իրենց արյամբ Ս. Ավետարանին կյանք և արդյունք պարգևելու…
Եկավ մի պահ, ինչպես մեր Եկեղեցու հայրերն են ասում, սատանայի` Աստծո հակառակորդի մոլորությամբ հայ ժողովուրդը մոռացավ ճշմարիտ աստվածապաշտությունը և հայտնվեց կռապաշտության մեջ: Այնպես, ինչպես երբ Մովսեսը Սինա լեռը բարձրացավ, երկար ժամանակ նրանից լուր չեղավ, և ժողովուրդը հանկարծ մոտեցավ Ահարոնին և պահանջեց` ասելով, որ Մովսեսը գնաց, նրա հետ նաև իր Աստվածը: Հետևաբար, մենք Աստված չունենք:
Եկե՛ք մի կուռք` ոսկե հորթ, պատրաստենք, որը կլինի մեզ աստված: Այդ ժողովուրդը, որ տեսել էր Աստծու Հայտնությունը`հրաշքը և աստվածային առաջնորդությամբ դուրս էր եկել այդ վիհից, հանկարծ մոռացավ Աստծուն` կուռքին պաշտելով: Ահա այդպես և մենք` հայերս, որ ճշմարիտ աստվածապաշտությունն ունեինք` իբրև սերունդները արդար Նոյի, Թորգոմի և Հայկի, կռապաշտության մեջ հայտնվեցինք և այդ խավարով ապրեցինք դարեր ու հազարամյակներ, բայց ապրեցինք ոչ թե որպես չգո մի գոյություն, այլ կերտեցինք մշակույթ, ունեցանք հայրենիքի զգացումը, սակայն իբրև մարմին:
Երբ եկավ ժամանակների լրումը, Աստված ի դեմս Միածին Որդու հայտնվեց ի մեջ մարդկության, այնուհետև իր առաքյալների միջոցով սփռվեց աշխարհով մեկ: Եվ այս երկու առաքյալները, որ աստվածային տեսչությամբ բաժին հասան մեզ, եկան Հայաստան աշխարհ և քարոզեցին Ս. Ավետարանը, քարոզեցին այն ճշմարտությունը, որը մենք ունեինք, սակայն մոռացել էինք:
Գիտեք, որ պատմական հանգամանքների բերումով և տարբեր պատճառներով մոռացել էինք, սակայն պատմական հիշողությունը կար: Դրա համար էլ առաքելական քարոզչությունը պարարտ հող գտավ մեզանում, և հայերը խուռներամ բազմությամբ դարձան սուրբ առաքյալների հետևորդը, դարձան քրիստոնյաներ` սպասելով այն օրհնյալ պահին, երբ Աստված առաջնորդեց Ս. Գրիգոր Լուսավորչին, որպեսզի հայոց ազգն ամբողջապես դարձ ապրի` դառնալով Աստծո սեփական ժողովուրդը»:
Անդրադառնալով տոնի առիթով Աստվածամուխ Ս. Գեղարդի դուրս բերման ուրախալի փաստին` Տեր Հայրը մասնավորաբար ընդգծեց. «Մեկ տարի առաջ Նորին Սրբությունը մի մասնավոր տնօրինություն կատարեց, որը նախախնամական էր, քանի որ 21-րդ դարում սրբատառ կոնդակ է հռչակվում, որպեսզի այս նվիրական տոնին հայ ժողովրդի և համայն քրիստոնյաների երկրպագության համար դուրս բերվի Աստվածամուխ Ս. Գեղարդը, որը դարձյալ աստվածային հատուկ տեսչությամբ բաժին հասավ հայերիս և ահա՛ ձեր առջև է այն նիզակը, որով խոցեցին Քրիստոսի կողը, և բխեցին ջուրն ու արյունը` որպես կենդանության նշան, իսկ Ս. Գեղարդն էլ դարձավ իբրև կենդանագործ ու սրբազան առարկա:
Եվ ինչպես վկայաբանությունն է հուշում ու վկայում, թե ինչպես Ս. Թադեոս առաքյալը մտավ Հայաստան աշխարհ և այս Գեղարդի զորությամբ այնպիսի հրաշքներ գործեց, որ հայերը, ովքեր կռապաշտությամբ էին մոլորված, անմիջապես ճանաչեցին ճշմարիտ Աստծուն, խոնարհվեցին Նրա զորության առջև` դառնալով Նրա հետևորդը:
Այս խառը ժամանակներում` տագնապալից օրերին, Ս. Գեղարդի զորությունը պիտի գա` մեզ հաստատելու մեր հավատքի, նվիումի ու առաքելության մեջ»:
Պատարագիչը մաղթեց, որ Տերը Ս. Գեղարդի նշանով և խաչի զորությամբ միշտ անսասան պահի Հայոց Եկեղեցին` յուրաքանչյուր հայ քրիստոնյայի ամուր ու հաստատուն պահելով Հայ Եկեղեցու գրկում:
Սուրբ Գեղարդը ի տես և ի երկրպագություն հավատացելոց Մայր Տաճարում մնաց մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: