Ինչու է Աստված թույլ տալիս այս ամենը
Սիրելի հավատացյալներ,
Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո…»: Սիրելիներս, արդեն շատ է խոսվել այն մասին, որ հաճախ, երբ աղոթքի ենք կանգնում, կուլ ենք գնում բանսարկուի հնարքներին ու աղոթքը մեքենայնորեն ենք արտասանում և չենք անցկացնում մեր սրտի ու հոգու միջով: Եվ խոսքս ամենևին էլ ինչ-որ հատուկ ասելաձևի կամ առոգանության, և ոչ էլ շեշտադրված ու անբնական զգացմունքայնության մասին է: Այլ խոսում եմ այն մասին, որ մեքենայնորեն արտասանում ենք աղոթքը և չենք էլ փորձում հասկանալ, թե ինչ ենք խնդրում Աստծուց:
Եթե հիմա հարցնեմ ձեզ, թե ո՞ւմ եք համարում խելացի մարդ՝ վստահաբար տարբեր պատասխաններ կլսեմ: Մեկը կասի, թե խելացի է այն մարդը, ով իր տեղը գտել է այս աշխարհում, լավ աշխատանք, դիրք և ունեցվածք ունի: Մյուսը միգուցե չհամաձայնի այս նյութականով պայմանավորված ձևակերպման հետ և ասի, թե խելացի մարդը բարձրագույն կրթություն ու հարուստ գիտելիքներ ունեցող, մի քանի օտար լեզու իմացող, շատ կարդացած, արվեստասեր և դաստիարակված մեկն է: Մեկն էլ միգուցե առարկի, թե այդ ամենը կապ չունի և խելացին այն մարդն է, ով հասկանում է այս կյանքն ու մարդկանց, բոլորի հետ կարողանում է ընդհանուր լեզու գտնել և ամեն մի դրությունից շահով է դուրս գալիս: Սակայն, քանի որ մենք քրիստոնյա ենք, ապա պիտի տեսնենք, թե քրիստոնեությունն ինչ է սովորեցնում այս հարցի մասին: Սուրբ Անտոն Մեծն ասում է.
«Մարդիկ հաճախ խելացի են անվանվում այդ բառի սխալ մեկնաբանությամբ: Խելացիները նրանք չեն, ովքեր հին իմաստունների ասացվածքներն ու գրվածքներն են ուսումնասիրել, այլ նրանք՝ ում հոգին է խելացի, ովքեր կարող են հասկանալ, թե որն է բարին ու չարը, և փախչում են չարից ու հոգու համար վնասակարից: Իսկ բարու և հոգուն օգտակարի համար մեծապես ճգնում են և դա անում են Աստծո հանդեպ մեծագույն երախտագիտության զգացումով: Ահա այս մարդիկ իրավմամաբ խելացի պիտի կոչվեն:
Իսկապես խելացի մարդը մեկ հոգս ունի միայն. ողջ հոգով և ամեն կերպ Աստծուն հնազանդվել և գոհացնել Նրան»: Սրբի այս խոսքերից պարզ է դառնում, որ մարդն առանց Աստծո չի կարող խելացի լինել և միայն նա, ով Աստծո կամքն է կատարում՝ իրավունք ունի խելացի կոչվելու: Այդ մասին է խոսում նաև Պողոս առաքյալը՝ եփեսացիներին ուղղված իր նամակում, որտեղ կարդում ենք. «դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:17): Արդ, գալով Աստծո կամքի գաղափարի կարևորությանը, միասին փորձենք վերլուծել և հասկանալ այն:
Այսպիսով, որոշ մարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում այս հարցին և երբեմն դա ծայրահեղության է հասնում: Օրինակ՝ մարդիկ սկսում են Աստծո կամքը փնտրել իրենց առօրյա, կենցաղային հարցերում. գնե՞լ մեքենա, թե՝ ոչ, վաճառե՞լ բնակարան, թե՝ ոչ և այսպես շարունակ: Ցավոք սրտի, մարդկանց գիտակցությունն այնքան նյութական է դարձել, որ նույնիսկ Աստծո կամքն են կենցաղայինի մեջ փնտրում: Եվ փաստն այն է, որ մենք մեզ համար հստակ որոշում ենք ընդունում, իսկ Աստծո կամքը կարծես կնիքի փոխարեն ենք ուզում ստանալ, որպեսզի մեր ուզածն անենք:
Իսկ տեսնենք, թե Աստծո կամքի ինչ ձևակերպում են տալիս աստվածաբանները: Նրանք ասում են, որ Աստծո կամքը՝ դա Նրա ցանկության և թույլտվության միությունն է: Աստծո ցանկությունը Նրա լիարժեք կամքն է, որ սիրելի արարածի, այսինքն մարդու հավիտենական փրկությունն է ուզում: Աստված մարդու համար այնքան մեծ բարիք է ուզում, քան մենք կարող ենք հասկանալ, կամ ինքներս մեզ համար ցանկանալ:
Եվ շատ հաճախ Աստծո բացարձակ կամքը բախվում է մարդու ազատ կամքի հետ, որն էլ մշտապես տատանվում է բարու և չարի միջև: Երևի բոլորի մոտ էլ կյանքում գոնե մեկ անգամ հարց է առաջացել, թե Աստված ինչո՞ւ մարդուն ազատ կամքով ստեղծեց, եթե մարդ, հիմնականում, ի չար է օգտագործում այն: Սակայն պետք է հասկանանք, որ մարդն Աստծո նմանությամբ ստեղծվեց և նրան ազատ կամք շնորհվեց՝ ի նշան Աստծո մեծագույն սիրո, այլապես մարդ անհոգի մի մեքենայի կնմանվեր:
Եվ այժմ էլ մարդու ազատ կամքն ուղղակի անհրաժեշտություն է նրա փրկության համար: Մարդ ինքնակամ պետք է փրկության ճանապարհն ընտրի՝ Աստծուն իր կյանքի գլխավոր նպատակն ունենալով: Այսինքն, մարդու փրկության հարցում միաձուլվում են Աստծո և մարդու կամքը: Իսկ ահա, երբ Աստծո կամքը բախվում է մարդու կամքի հետ՝ առաջ է գալիս Աստծո թույլտվությունը: Այսինքն, Աստված թույլ է տալիս, որ մարդու կամքը ոչ միայն բարու, այլև՝ չարի ուղղությամբ էլ գնա:
Որովհետև, եթե Աստված ֆիզիկապես կասեցներ չարի ուղղությամբ շարժվող մարդու կամքը, ապա ողջ մարդկությունը վաղուց ոչնչացված պիտի լիներ, քանզի երկրիս երեսին չկա մի անմեղ հոգի, որ երբևէ մեղանչած չլինի: Աստծո թույլտվություն է նաև մարդկությանը պատահող աղետներն ու պատուհասները, որոնք հետևանք են մարդկանց անհատական մեղքերի շատացմանն ու իրար միահյուսմանը, որ ջրի կաթիլների պես շատանում և վարար հորձանքի են վերածվում:
Մարդուն պատահող հիվանդությունները, փորձությունները և վշտերը նույնպես կարող են Աստծո թույլտվության հետևանք լինել, որպեսզի մարդ իրեն պատահած պատուհասների մեջ մաքրվի, համբերություն ձեռք բերի և կամք՝ մեղքին հակազդելու և աստվածային լույսով լցվելու համար:
Եկեղեցու հայրերից մեկն ասում է, որ մարդ երեք կամք կարող է կատարել. առաջինն Աստծո կամքն է, որ կատարյալ ու փրկագործ է, երկրորդը մարդու կամքն է, որ առանց Աստծո չի կարող փրկչական լինել, և երրորդը դիվական կամքն է, որ միայն դեպի կործանում է տանում: Այստեղից մենք պետք է հասկանանք, որ միայն Աստծո կամքն է, որ յուրաքանյուր մարդու համար ամփոփվում է նրա հոգու փրկության մեջ:
Աստված քննում է ամեն մեկի հոգին ու սիրտը և տալիս է նրան այն, կամ թույլ է տալիս նրան պատահելու այն, ինչը նրան կօգնի դեպի փրկության ճանապարհը ընթանալու: Ամեն մարդ ստանում է ըստ իր ներքին տրամադրվածության և հոգևոր վիճակի: Աստված՝ լինելով ժամանակների ու հավիտենության Տիրակալը, տեսնելով ոչ միայն անցյալն ու ներկան, այլև՝ ապագան, ամենից լավ գիտի, թե ինչն է ի օգուտ մարդու: Ահա այս է պատճառը, որ Աստծո Որդին սովորեցրեց մեզ Աստծո կամքը խնդրել մեր աղոթքներում:
Իսկ Աստծո կամքը կատարելը, սիրելիներ, ամենից առաջ սկսվում է Աստծո Խոսքի ընթերցանությունից և մեր կյանքերում կիրառելուց: Այսինքն, երբ մենք հայտնվում ենք կյանքի մի ինչ-որ իրավիճակում և կանգնում ենք ընտրության առջև՝ պիտի հիշենք, որ հենց այս պահին Տերը նայում է մեզ և մտածենք, թե ի՞նչ է կամենում Նա արդյոք: Պետք է հիշենք Աստվածաշնչյան պատվիրաններն ու մտածենք, թե դրանցից որը կիրառենք տվյալ պարագայում, որպեսզի ըստ Աստծո կամքի գործենք:
Աստծո կամքը ճանաչելու համար մեզ օգնում է նաև սրբերի վարքի ուսումնասիրությունը: Քանի որ սրբերն այն մարդիկ են, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Աստծո կամքը ճանաչելուն և կատարելուն: Եվ հսկայական, անգին ժառանգություն են թողել մեզանից յուրաքանչյուրի համար: Հետևաբար շատ բան ունենք այս երանելի մարդկանցից սովորելու և նրանց ընդօրինակելու:
Եվ եթե այս ամենից հետո էլի անհասկանալի հարցեր մնան, ապա կարող ենք նաև մեր հոգևոր հայրերին դիմել: Սակայն մեծ հավատով ու աղոթքով պետք է մոտենանք այդ հարցին և խնդրենք Աստծուց, որպեսզի Իր սուրբ կամքը հայտնի մեզ՝ Իր ընտրյալների միջոցով:
Նաև չմոռանանք մեր անձնական աղոթքների կարևորության մասին, սիրելիներ: Սրտանց և հետևողական աղոթքի միջոցով Աստված կարող է Իր կամքը հայտնի դարձնել մեր սրտերին և խաղաղություն պարգևել մեր հոգիներին, քանի որ հայտնի է, որ այն, ինչ Աստծուց չէ՝ խռովում է մարդու հոգին և անհանգստություն պատճառում:
Այս ամենը կօգնի մեր հոգևոր աճին, սիրելի քույրեր և եղբայրներ: Երկարատև պայքարի, փորձությունների և անդադար ճգնանքի միջով անցնելով՝ մարդ մաքրվում է, մոտենում՝ Աստծուն, հոգևոր լույս ու պարզություն և հոգևոր կերպով կշռադատելու շնորհն է ստանում Նրանից և ի վիճակի է դառնում անսխալ կերպով ճանաչելու Աստծո կամքը: Եվ հուսամ, որ պատրաստ ենք ոչ միայն ուղղակի Աստծո կամքն իմանալու, այլև՝ խոնարհաբար և հնազանդորեն այն ընդունելու և ապրելու ըստ Աստծո կամքի:
Արդ, սիրելիներ հետևենք Պողոս առաքյալի խոսքերին, որ ասում է. «Դրա համար մենք էլ՝ այն օրվանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ՝ ունենալով կատարյալ իմաստություն և հոգևոր իմացություն՝ ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով …» (Կող. 1:10, 11):
Թող վերը նշված բոլոր միջոցներն օգնեն մեզ Աստծո սուրբ կամքը գիտենալու և ամեն վայրկյան ու ամեն հարցում մեր կյանքում կիրառելու համար, քանի որ Տիրոջ կամքը կատարելն է միայն, որ մեզ լուսավորում է ու դեպի փրկություն տանում: Ամենքիս մաղթում եմ, որպեսզի իսկապես խելացի լինենք և ամեն անգամ Տերունական աղոթքն ասելիս գիտակցաբար խնդրենք Աստծուն. «եղիցի կամք Քո…» այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան