«Էդքան գերանը չտեսար, ասեղը տեսա՞ր» /վիդեո/
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ազգային ժողովի ամբիոնից, երկու լուր հաղորդեց: Վատը, ըստ պատգամավորի, այն է, որ եկող տարվա բյուջեով եկամուտները պակասել ե 8 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ չեն ավելանա կենսաթոշակները, նպաստները և այլ սոցիալական ծախսեր: Լավ լուրը, Փաշինյանի կարծիքով, ծառայողական մեքենաների 83-ով ավելանալն է, այսինքն՝ եկող տարի մեքենաների թիվը կլինի 1072:
«Փորձեցի պաշտոնապես պարզել, թե Դանիայի խորհրդարանում քանի ծառայողական ավտոմեքենա կա: Դանիայի խորհրդարանից Ռիկերտ Տուբորկ անունով պաշտոնյան ինձ պաշտոնապես պատասխանեց, թե Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքենա ունի միայն խորհրդարանի խոսնակը: Երբ այս նամակը ստացա, աչքերիս չէի հավատում, նորից եմ նամակ գրում և ասում, որ այ հարգելի Ռիկերտ Տուբորկ, սթափվեք, լրաջացեք, ձե՞ռ եք առնում, ո՞նց թե «ցելի» Դանիայի խորհրդարանում ծառայողական մեքնա ունի միայն խոսնակը: Սակայն Ռիկերտ Տուբորկը մնաց իր դիրքերի վրա և մինչև վերջ պնդեց իր ասածը: Հիմա, տիկնայք և պարոնայք, խնդրում եմ ուշադրություն` ՀՀ ԱԺ-ում կա 82 ծառայողական ավտոմեքենա»:
Փաշինյանը հաշվեց, որ մեր խորհրդարանում կարող են ծառայողական մեքենա ունենալ ոչ միայն նախագահը, այլ փոխխոսնակները, և որպես չափազանց առատաձեռն խորհրդարան` նաև 12 հանձնաժաղովների նախագահները, 6 խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի ղեկավարն ու տեղակալները: Պատգամավորը խնդրեց բացատրել, թե այն մնացած 40-45 հոգին ովքե՞ր են, որ ՀՀ քաղաքացու հաշվին պիտի մեքենաներ ունենան:
Փաշինյանը նշեց, որ պետական բյուջեից ծառայողական մեքնենաների սպասարկման համար գիգանտային գումարներ են ծախսվում, այն դեպքում, երբ Կառավարությունն արդեն 4 տարի է` խոստացել է, որ առաջին դասարանցիներին պետք է տրամադրի համակարգիչներ, սակայն բյուջեում անգամ մեկ կոպեկ դրա համար նախատեսված չէ:
Արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ասաց, թե չի հասկանում` այսքան նախանձ որտեղից է կուտակվել.
«Չարագործությունը կարող է նաև դրական հետևանքներ ունենալ: ՀՀ ԱԺ-ն և՛ մեքենաների, և՛ ֆինանսական առումով Դանիայի հետ համեմատած ծիծաղելի իրավիճակում է: Դրանք անձին սպասարկող մեքենաներ չեն, դրանք ուղղված են տվյալ հանձնաժողովին, ոչ թե անձին: Եթե այդ մեքենաները չլինեն, մի քանի անգամ ծախսերը կշատանային, քան այս դեպքում:
Ես էլ շատ կուզենամ, որ այնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք, անվտանգություն չլիներ. ամեն մի պետություն այնպես է ապրում, որ սուղ միջոցներով առաջ գնա: Ես չեմ հասկանում՝ այդ խանդը որտեղի՞ց է գալիս: Մեր ընդհանուր բյուջեն ընդամենն աշխատավարձ է: Ի դեպ, այդ 82 ավտոմեքենաներից 30-ը՝ որպես լոմ, կանգնած է: Էդքան գերանը չտեսար, ասեղը տեսա՞ր»: