17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԶՈւ-ում 455 հազար դոլարին համարժեք դրամի հափշտակություն են կատարել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեի՝ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստում են, որ նշված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել կեղծ տեղեկություններ։ Արդյունքում՝ նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախքան ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքումը նշված ընկերության տնօրենը մասնակցել է բանակցային գործընթացին։  Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նմանատիպ համակարգ չկա, և համակարգի ստեղծման համար առաջադրված խնդիրները բարդ ու մեծածավալ են, որոնք պահանջում են նոր տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառում, և անհրաժեշտ կլինի մի շարք երկրներից ձեռք բերել տարբեր տեսակի ու քանակի սարքավորումներ, որոնք ՀՀ շուկայում չկան, ինչի պարագայում  ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունենա ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ, բացի այդ,  արտերկրից ձեռք բերված ապրանքները հասցեագրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության անունով, և դրանք ենթակա չեն հայտարարագրման՝ արտերկրից ձեռք բերվող ապրանքների գնային առաջարկում ներկայացրել է դրանց իրական արժեքներից տարբերվող, ուռճացված գներ:

Չարաշահումների վերաբերյալ հիմնավոր կասկածներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողություններ։ Պարզվել է, որ անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել  տարբեր երկրներից և քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություններ են ուղարկվել մի քանի այլ երկրների իրավապահ մարմիններին։

Համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել են տվյալ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել կատարված հափշտակության մեխանիզմը։

Նախնական քննության արդյունքների համաձայն՝ կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության  հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով դեռևս 2014 թվականին որպես մեղադրյալ ներգրավված «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վեջինս գտնվում է նախնական կալանքի տակ:

Քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ