Սերժ Սարգսյանն առաջադրվեց
Քիչ առաջ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը ՀՀ ԿԸՀ է ներկայացրել փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը.
՛՛Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այդ թվում , քաղաքացիության մասին տասը տարի ՀՀ-ում բնակվելու մասին, գրավի մասին տեղեկանքը եւ օրենքով սահմանված մյուս բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, ստացել ենք ստացական, տեղեկանք՝ փաստաթղթերը հանձնելու վերաբերյալ՛՛ :
Ի պատասխան մեր հարցին, Սեյրան Յուզբաշյանը նշեց, որ ԿԸՀ-ում հատուկ մոտեցում չի եղել ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցչի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրումը մեկնարկեց դեկտեմբերի 25-ից, իսկ վերջնաժամկետը հունվարի 4-ն է:
Մինչ այս պահը ԿԸՀ իրենց փաստաթղթերը ներկայացրել էին անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: