Առողջապահության նախարարության եկամուտները
”Երկրի տնտեսական աճը և առողջապահության համակարգի շարունակական զարգացումը միմյանց հետ փոխկապակցված են: Մասնավորապես, առողջապահական հիմնական ցուցանիշների բարելավումը նպաստում է տնտեսության աճին, և հակառակը` երկրի տնտեսական աճն իր հերթին հանգեցնում է առողջապահության ոլորտի ֆինանսավորման ավելացմանը և որպես արդյունք դրա զարգացմանը”,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով սեփական ոլորտի հարկային տվյալներն, ասաց նախարար Դերենիկ Դումանյանը:
Նախարարը հայտնեց, որ առողջապահության նախարարության կարգավորման ոլորտում գործող բժշկական կազմակերպությունները պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններն են:
Այդպիսի կազմակերպությունների թիվը, որոնք 2012թ. պետական պատվերի իրականացման պայմանագիր են կնքել ՀՀ առողջապահության նախարարության հետ կազմում է 471: Դրանցից վճարովի ծառայություններ իրականացնող կազմակերպւթյունների թիվը 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կազմում է 257, որից 110-ը` հիվանդանոցներ, 100-ը` պոլիկլինիկաներ, առողջապահության կենտրոններ և բժշկական ամբուլատորիաներ, 47-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ:
Ընդ որում, Երևան քաղաքում 91 կազմակերպություն, որից 47-ը` հիվանդանոցներ, 23-ը` պոլիկլինիկաներ, 21-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ:
՛՛ՀՀ տասը մարզերում վճարովի ծառայություններ իրականացնում են թվով 166 բժշկական կազմակերպություն, որից 63-ը` հիվանդանոցներ, 77-ը` պոլիկլինիկաներ և 26-ը` ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ: Նշված կազմակերպություններից 79-ը մասնավոր են, այդ թվում 32 հիվանդանոց, 3 պոլիկլինիկա և 44 ստոմատոլոգիական պոլիկլինիկա:
Այս բուժհաստատությունները բացի պետական պատվերի իրականացումից, բնակչությանը մատուցում են նաև վճարովի ծառայություններ, այն է` վճարովի բժշկական ծառայություններ, համավճարի սկզբունքով մատուցվող ծառայություններ, ապահովագրական փոխհատուցումներ, այլ ոչ բժշկական ծառայություններ՛՛,-նշեց նախարարը:
2012 թվականի տասն ամիսների ընթացքում վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների գումարը կազմել է 20.093,3 մլն.դրամ, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.419,7 մլն. դրամով, կամ 28,2%-ով: Վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը կազմել է 8.223,6 մլն. դրամ, կամ ընդհանուր եկամուտների 40,9%-ը, իսկ մասնավորներինը` 11.869,7 մլն. դրամ, կամ 59,1%, այն դեպքում, երբ վերջիններիս տեսակարար կշիռը վճարովի ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ընդհանուր թվի մեջ կազմում է 30,7%, իսկ պետականներինը` 69,3%:
Վճարովի ծառայություններից ստացած ընդհանուր եկամուտների մեջ պետական կազմակերպությունների մասնաբաժինը 2011թ. տասն ամիսների կտրվածքով կազմել է 6.887,4 մլն.դրամ, կամ 43,9%, մասնավոր կազմակերպություններինը` 8.786,2 մլն.դրամ, կամ 56,1%: Ինչպես երևում է բերված թվերից, 2012թ. պետական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայություններից ստացած եկամուտների ծավալը ընդհանուր եկամուտների մեջ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,0 տոկոսային կետով, իսկ մասնավորներինը նույնչափ աճել է:
2012թ. 10 ամիսների վճարովի ծառայություններից ստացված եկամուտների միջինացված ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ միջին հաշվով մեկ պետական հիվանդանոցին ընկնող վճարովի ծառայությունների ծավալը կազմում է 101,3 մլն.դրամ, իսկ մեկ մասնավոր հիվանդանոցինը` 351,1 մլն.դրամ: Նույն ցուցանիշը պոլիկլինիկաների համար` պետական` 3,3 մլն. դրամ, մասնավոր` 15,0 մլն.դրամ, իսկ ստոմատոլոգիական պոլիկլինիկաներինը` պետական 1,0 մլն. դրամ, մասնավոր` 13,4մլն. դրամ: Այսպիսով, մասնավոր հիվանդանոցները վճարովի ծառայությունների ծավալով գերազանցում են պետականները 3,5 անգամ, մասնավոր պոլիկլինիկաները` 4,4 անգամ, իսկ մասնավոր ստոմատոլոգիական պոլիկլինիկաները` ավիլի քան 13 անգամ:
2012 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների ծավալը, որը կազմել է 16.113,7 մլն.դրամ և 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.780,7 մլն. դրամով կամ 20,9%-ով: Այս աճին անտարակույս նպաստել է ս.թ. հուլիսի 27-ին ներդրված վճարովի բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն գների սանդղակը` դիֆերենցված ըստ մարզերի և Երևան քաղաքի, որը շոշափելիորեն խոչնդոտում է ստվերային վճարումներին: Երևան քաղաքի բուժհաստատությունների վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների աճի տեմպը կազմել է 23,0%, իսկ ՀՀ մարզերի բուժհաստատություններինը` 5,4%:
Վճարովի բժշկական ծառայություններից ստացած եկամուտների աճի` Երևանի և ՀՀ մարզերի միջև անհավասարակշռությունը պայմանավորված է ժամանակակից բուժսարքավորումներով և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմով հագեցվաց բուժհիմնարկների` մայրաքաղաքում կենտրոնացված լինելու հանգամանքով, ինչի հետևանքով որակյալ բուժօգնություն և սպասարկում ստանալու համար մարզերի բնակիչները հաճախ ստիպված են լինում դիմել Երևանյան կլինիկաներ:
՛՛Այս հիմնախնդիրը, որպես առողջապահության ոլորտի գերակա ուղղություն ներառված է ՀՀ կառավարության 2012-2017 թ.թ. ծրագրում, որով նախատեսվում է մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացման շարունակականության ապահովում` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները: Այս ծրագրի իրականացումը նույնպես մեծ ներուժ է ներկայացնում` ոլորտում տնտեսական աճի ապահովման առումով՛՛,-եզրափակեց Դերենիկ Դումանյանը:
Մանրամասներն այստեղ: