Ընտրակաշառքի հույսեր ունեցողները պետք է հուսահատվեն. հոգեբան
Հոգեբանական տեսանկյունից այս նախագահական ընտրությունները բավական յուրահատուկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Հոգեբանը այս յուրահատկությունը պայմանավորում է ցրված ընդդիմությամբ, որը բավական ուշ կողմնորոշվեց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու ընտրություններին: ՛՛Ցրված ընդդիմադիր կետեր ունենք, ընդդիմություն չունենք, չկա այլընտրանք, սրանով յուրահատուկ են այս ընտրությունները՛՛,-բացատրեց հոգեբանը: Ըստ նրա՝ հայ հասարակությունն այժմ կանգնած է ոչ այլընտրանքային ընտրությունների առաջ, և շատերը գտնվում են հիասթափվածության մեջ: Սակայն սա ունի նաև իր դրական կողմը: ՛՛Ընտրակաշառքի հույսեր ունեցողները պետք է հուսահատվեն, ոնց որ թե արդար են անցնելու ընտրությունները, և վերջին տասնամյակի ամենաարդար ընտրություններն են լինելու՛՛,-ասաց Նալչաջյանը:
Հիմա մեծ խնդրի առջև է կանգնել ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ընտրազանգվածը: ՛՛Այն ընտրազանգվածը, որ կողնորոշված էր, նրանց հարցն է հիմա, նրանք մնացին օդի մեջ, նրանց տեր կանգնողներ են պետք՛՛,-ընդգծեց հոգեբանը: Նրա համոզմամբ՝ այս ընտրազանգվածը կընտրի այնպես, ինչպես նրան կհորդորի իր նախընտրելի ուժը:
Նալչաջյանը նաև նկատեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ քարոզարշավից ոչինչ չի կարելի սպասել: