“Պետական սիմվոլը դառնում է բիզնես սիմվոլ”
՛՛ԱԳՆ շենքը վաճառվեց առանց քննարկման, մենք իմացանք, երբ արդեն փաստը եղել էր: Մեր երկու ենթահանձնաժողովներն իրենց խիստ բացասական դիրքորոշումն արտահայտեցին, բայց արդյունք չունենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով 2012-ի բնապահպանական ու ճարտարագիտական հաջողություններն ու անհաջողությունները, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ցավալի է, որ ամբողջ հայության սիրտը համարվող Հանրապետության հրապարակը վերածվում է հոյւրանոցների համալիրի: ՛՛Մեր առաջնահերթությունները, պետական սիմվոլ հրապարակը դառնում է բիզնես սիմվոլ: Եթե փոխվեր մշակութային օբյեկտների, ինձ համար ընդունելի կլիներ՛՛,-նկատեց բնապահպանը:
Հաջողությունների շարքում նա նշեց այն, որ երիտասարդ բնապահպանները, ակտիվիստները միացել են իրենց շարժմանը: Սակայն միաժամանակ Դանիելյանը նկատեց, որ բնապահպանական խնդիրների դեպքում և բնապահպանների ձայնն է լսվում, և կառավարության որոշումն է լինում, սակայն ի վերջո կարծես ագահությունն սպանում է ամեն ինչ:
Կարինե Դանիելյանը ընդգծեց նաև, որ շատ լավ բան է նաև էկոտուրիզմը, բայց այն մեզանում վերածվում է խաշի: ՛՛Հիմա էլ անտառածածկ տարածքներ ենք մտել, մտել ենք Հանքավան, Մեղրաձոր, մարդիկ ուզում են դուրս գալ, հեռանալ այդ տարածքներից՛՛,-ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՛՛Հայ նախագիծ՛՛ ինստիտուտի արհեստանոցի վարիչ Սաշուր Քալաշյանը, հավելեց, որ այս տարվա ամենամեծ հաջողությունը Մաշտոցի պուրակի բուտիկների վերացումն էր: