Ախթալայի եկեղեցին՝ ռուս ակադեմիկոսի ներշնչման աղբյուր /Ֆոտո/
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները բացառիկ են թե´ իրենց տեսքով, թե´ բովանդակային իմաստով և թե´ ծավալով (շուրջ՝ 900 ք/մ): Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» («РОСПИСИ МОНАСТЫРЯ АХТАЛА. История, иконография, мастера») հիմնարար աշխատությունն Ախթալայի եկեղեցու մասին է։
Գիրքը երեք մասից է բաղկացած և իր մեջ ներառում է վանքի որմնանկարների մասին ամփոփ տեղեկատվություն: Լրագրողների հետ զրույցում պրն Լիդովը նշեց, որ Ախթալայի Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին շատ բան հայտնի չէր, և պետք էր այդ անհայտությունից ինչ-որ բան ստեղծել։ «Այնպիսի զգացողություն ունեմ, որ Հայաստանի և, առհասարակ, վանքերի նկատմամբ պարտքս կատարել եմ»,- հավելեց Լիդովը:
Ակադեմիկոսն ասաց նաև, որ Հայաստանի նկատմամբ խորը սիրով է լցուն և կարծես այդ սերն իր ամբողջ կյանքի համար լինի: «Սա մի սեր է, որ իմ հոգում ի հայտ է եկել դեռևս երիտասարդ ժամանակ՝ 19 տարեկանում, երբ առաջին անգամ Հայաստան եկա»,- վերհիշեց Ալեքսեյ Լիդովը:
Գրքի շնորհանդեսին ներկա Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Մեր խորհին երախտագիտությունը և մեր գնահատանքն ենք հայտնում մեծարգո պարոն Լիդովին՝ հայ մատենագրությանը ցուցաբերած իր անգնահատելի ծառայության համար: Նրա նվիրական աշխատանքի շնորհիվ մեր հայրենական ժառանգություն և ազգային հարստություն հանդիսացող Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայանալի է դառնում մշակութասեր համաշխարհային հանրությանը:
Պարոն Լիդովին մաղթում ենք քաջ առողջություն և երկար, արևաշատ տարիներ: Եվ թող ամենակարող Աստված էլ ավելի զորացնի նրան և հայոց պատմության գալիք դարերի հոլովույթում պանծանցնի նաև իր անունը՝ որպես հայ միջնադարյան ճարտարապետության անգին գոհար և հայ բուզանդական համատեղ ստեղծագործության պտուղը համարվող, Ախթալայի Աստվածածին եկեղեցու որմնանկարները լավագույնս լուսաբանող, հետագա սերունդներին փսխանցող՝ վառ անհատականություն: Կրկին ու կրկին խորհին շնորհակալություն»: