Քննարկել են ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը
Քիչ առաջ ավարտվեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ, հարգարժան պարոն Ջահանգիրիի և իր պատվիրակության հետ հանդիպումը, որից հետո կողմերը հանդես են եկել հայատարարությամբ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Թե´ առանձնազրույցի և թե´ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը, որը հիմնված է երկու ժողովուրդների միջև խոր արմատներ ունեցող բարեկամության վրա և ընթանում է փոխադարձ վստահության մթնոլորտում: Մենք ամփոփեցինք ուղիղ մեկ տարի առաջ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք ապագա ծրագրերի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:
Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացեն Իրանի հետ թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար:
Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև հումանիտար ոլորտի՝ կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին:
Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Միևնույն ժամանակ հստակեցրինք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հետ կապված հետագա անելիքները և Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի ընթացքը:
Անդրադարձանք նաև ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում:
Գոհունակություն հայտնեցինք գյուղատնտեության ոլորտում իրականացվող ծրագրերից, որոնք շատ հաճախ ընթանում են ինչպես միջպետական, այնպես էլ միջմարզային մակարդակներում: Երկուստեք կարևորվեց նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:
Հատուկ ընդգծվեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերու-թյունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է:
Շոշափեցինք նաև ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից պատրաստակամություն հայտնեցի աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագոր-ծակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքման համատեքստում:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Շնորհակալություն»: