22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախանշվեցին Հայաստանի ու Կոստա Ռիկայի փոխգործակցության զարգացման ուղիները

Հոկտեմբերի 25-ին Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Սան Խոսե:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարը կարեւորեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը, ինչը, նրա խոսքերով, երկկողմ հարաբերություններում նոր մեկնարկ է ազդարարում եւ անշուշտ դրական խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման առումով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելության գլխավոր նպատակը լատինաամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է եւ այդ ենթատեքստում Հայաստանը կարեւորում է Կոստա Ռիկայի հետ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում ու այս առումով երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ձեւավորումը կարեւոր դեր կարող է ունենալ:

Զրույցի ընթացքում Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց, որ ինքը կնախաձեռնի խորհրդարանում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբի ձեւավորումը: Ի պատասխան նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովը ակտիվ կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ եւ անկասկած շահագրգիռ կլինի Կոստա Ռիկայի հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու մեջ:

Զրուցակիցները մտքերի փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:

“Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձեւի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար”, – ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների եւ արտաքին առեւտրի հանձնաժողովի նախագահ Մարիա Ժանետե Ռուիզ Դելգաոյի հետ:

Սան-Խոսեում հոկտեմբերի 25-ին կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների նախարար Խոսե Էնռիկե Կաստիլո Բառանտեսի բանակցությունները:

Հանդիպմանը Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ինքը բարձր է գնահատում հայաստանյան գործընկերոջ այցելությունը, որը հնարավորություն է ընձեռում քննարկելու եւ բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

“Մեր երկրները շատ նմանություններ, հարուստ պատմություն եւ մշակութային ժառանգություն ունեն եւ ես համոզված եմ, որ այս առիթը կօգտագործենք պայմանավորվելու փոխգործակցության զարգացման շուրջ: Ինչպես եւ Հայաստանը, Կոստա Ռիկան ցանկանում է ընդլայնել հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ, այստեղ եւս մեր նպատակները համընկնում են”,- ընդգծեց նախարար Բառանտեսը:

“Հայաստանը վարում է ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն, որի կարեւորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխարհամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը, քանզի համոզված ենք, որ 21-րդ դարում չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով եւ դիվանագիտության մեջ սահմանափակվել միայն սեփական տարածաշրջանի տեսլականով, անտեսել այլուր տեղի ունեցող զարգացումները: Այդ առումով մեր դաշնակիցների, ավանդական գործընկերների հետ առավել խորացող համագործակցության հետ մեկտեղ, մենք մեծ կարեւորություն ենք տալիս լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ գործնական քայլեր ձեռնարկում այդ ուղղություններով”, – ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձեւավորման, տնտեսական հարաբերությունների ընդլայնման, մշակութային փոխանակումների խթանման նպատակով համատեղ իրականացվելիք քայլերի շուրջ: Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Երեւանում եւ Սան-Խոսեում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրելու, պատվո հյուպատոսներ նշանակելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթերի մշակման եւ Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Երեւան նախատեսվող այցելության ժամանակ դրանց ստորագրման վերաբերյալ:

Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ նախարարներն առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, տուրիզմի եւ մշակութային բնագավառները:

Նախարար  Բառանտեսն իր գործընկերոջը ներկայացրեց ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի, տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ավարտելով այցելությունը լատինաամերիկյան երկրներ, Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Փարիզ, որտեղ հոկտեմբերի 27-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ