26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկեղեցին նշում է

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. կույսեր Թեկղի, Վառվառայի և Պեղիգեայի հիշատակության օրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, Ս. Թեկղը (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկան հասակում, լսելով Ս. Պողոս առաքյալի քարոզությունը, դարձի է գալիս և որոշում չամուսնանալ՝ իր ողջ կյանքը նվիրաբերելով Քրիստոսի խոսքի քարոզությանը:

Թեկղի մայրը, զայրացած իր աղջկա որոշմանվրա, գանահարում է նրան և ապա ցանկանում այրել նրան: Սակայն տեղացած հորդառատ անձրևը թույլ չի տալիս, որ կրակը ավելի բորբոքվի: Նա մեկնում է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվում է վայրի գազանների առաջ, որոնք սակայն ձեռք չեն տալիս նրան:

Ի վերջո նա առանձնանում է Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մի մենաստանում, ուր նվիրվում է Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկելուն և խնամելուն: Մահանում է խաղաղ մահվամբ, 90 տարեկանում:

Ս. Վարվառան (շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսում է իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզությունը և մկրտվում նրանցից: Վառվառան կարգադրում է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնում նրան:

Ս. կույսը երկար տնային բանտարկությունից հետո էլ չի ուրանում իր հավատքը և դատարանի որոշմամբ գլխատվում է իր իսկ հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվում են կայծակից:

Ս. Պեղիգեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ է, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Մկրտվում է և իր թանկարժեք զգեստները վաճառելով՝ բաժանում աղքատներին և կարիքավորներին: Նա մերժում է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղիգեան իբրև քրիստոնյա հանձնվում է կայսերական դատարանին, չարչարվում, և հավատը չուրանալու համար, հրաշեկ հնոցում այրվում է:

Հայ Առաքելական եկեղեցին Ս. կույսեր Թեկղի, Վառվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ