2014-ին արձանագրվել է 4,6 տոկոս գնաճ
Ազգային ժողվում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման՝գնաճի հաշվետվությունը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ներսես Երիցյանը
Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականու թյան ծրագրով նախատեսվում էր տարեվերջին գնաճային միջավայրի ընդլայնում, թեև տարին ամփոփվելու էր 12-ամսյա գնաճի՝ նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությամբ դրամի արժեզրկման ու գնաճային միջավայրի ընդլայնման դրսևորումներով, ինչպես նաև դրանց արդյունքում ձևավորված գնաճային սպասումներով՝ 12-ամսյա գնաճը գերազանցել է սպասելիքները՝ դեկտեմբերի վերջին կազմելով 4,6%:
Ընդ որում՝ այն գտնվել է գնաճի տատանումների թույլատրելի 4,0 + 1,5 տոկոսային կետ միջակայքում: Հաշվետու եռամսյակում արձանագրվել է 5,4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,3%-ի փոխարեն, ինչը պայմանավորվել է գերազանցապես պարենային ապրանքների գների 9,1% աճով՝ ընդհանուր գնաճին 4,8 տոկոսային կետով նպաստմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ տարեվերջի բարձր գնաճը ներմուծված ապրանքների գների աճի հետևանք է՝ հիմնականում պայմանավորված դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկմամբ: Բարձրացել են հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի գները: Նշենք նաև, որ տարեվերջին մի շարք պարենային ապրանքատեսակների՝ կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի գների աճը պայմանավորվել է նոյեմբերից դրանց դրոշմապիտակների ներմուծմամբ: Պարենային ապրանքների կառուցվածքում միրգ և բանջարեղենի, ինչպես նաև ձվի գների բարձրացումը հիմնականում կրել է սեզոնային բնույթ: