Երշիկի մեջ միսը 17 տոկոս է կազմել. բացահայտում ՏՄՊՊՀ-ից
Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրությունների ընթացքում ՏՄՊՊՀ-ը բացահայտել է անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողների: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը : Այդ ընկերություններն են՝ ՛՛Առ Դելիկատես՛՛, ՛՛Նատֆուդ՛՛, ՛՛Մուշ՛՛, ՛՛Ա. Բիլյան՛՛, ՛՛Ջրվեժի մսամթերքի կոմբինատ՛՛,Մարիլա, ՛՛Բաբիկ 90՛՛, ՛՛Էրեբունի Աստղ՛՛, ՛՛Հայր և որդի Գալստյաններ՛՛, ՛՛Երեմկա՛՛, ՛՛Էլիտ Պրոդ՛՛, ՛՛Ա Շիրվանյան և ըկերներ՛՛, ՛՛Արտյոմ և Հրայր եղբյարներ՛՛, ՛՛Լումա՛՛, ՛՛Կարինե և Նարինե՛՛, ՛՛Նեպտուն Մար՛՛, ՛՛Սոս 97’’, ՛՛Տիրան Ղազարյան՛՛, ՛՛Գայան Ջամե՛՛, ՛՛Բարի արագիլ՛՛, ՛՛Արթուր Հակոբյան՛՛ ԱՁ:
Շաբոյանը նշեց, որ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Սակայն հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացում, ախորժելի գույն, կպչունություն ապահովելու համար օգտագործվում են մեծաքանակ համային և գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում՝ նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ ՛՛մանկական՛՛ անվանումով երշիկների պարագայում:
Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի մեկ կիլոգրամի գինը կազմում է յոթ հարյուրից ութ հարյուր դրամ: Քանի որ հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա այս փաստերը հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի մեկ կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի բարձր է:
՛՛Սոյան բավականին մեծ քանակությամբ է օգտագորված, խառնվելով ջրի հետ, լրացուցիչ զանգված է ապահովում երշիկի համար, միսն էլ կազմել է տասնվեց-տանսյոթ տոկոս՛՛,-վրդովված ասաց Շաբոյանը: Օրինախախտների հանդեպ նշանակվել է օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:
Նշենք, որ նիստին չէին ներկայացել ընկերությունները: Ընկերություններից մեկի տնօրենն է ներկայացել միայն, սակայն իմանալով, որ նիստը լուսաբանվում է, հեռացել է: Ներկա էր միայն ՛՛Կարինե և Նարինե՛՛ ընկերության հաշվապահ Գեղամ Պողոսյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընկերությունն արդեն տասը տարուց ավելի է, որ զբաղվում է երշիկի վաճառքով: Իր ընտանիքը ևս օգտվել է, և առողջական խնդիրներ չի ունեցել: Այս ընկերության դեպքում փաթեթի վրա գրված բաղադրությունը չի համապատասխանել ներքին բաղադրությանը: