Գնացեք ազգային “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեք /վիդեո/
Տարիներ են անցել այն օրից, երբ խաչքարագործ Սերգեյ Դանիելյանի հետ դրամատուրգ Սամվել Խալաթյանը նախաձեռնեց եւ Վանաձորում տեղադրեց խաչքար: Մշակույթի նախարարության վերջին հայտարարություններն ու գործողությունները՝ խաչքարները մարզերից տեղափոխել մայրաքաղաք, բարկացրել են վանաձորցի մտավորականին:
Եթե որոշվի նրանց հեղինակած խաչքարն, օրինակ, տեղափոխել մայրաքաղաք, դա կվիրավորի ոչ միայն քանդակագործին, այլեւ այն մարդկանց, ովքեր բավական հանգանակություններ են կատարել քարակերտ գաղափարը կյանքի կոչելու համար:
Սրանք բեկորներ չեն, ինչպես հարգարժան նախարարն է անվանում, սրանք մշակույթի նմուշներ են, որ պետք է պահպանվեն որպես սրբություն: Խալաթյանը վստահ է` արձաններն աննպատակ չեն դրվում, դրանք հարմարեցվում են միջավայրին ու մարդկանց:
Խաչքարների տեղափոխությունը մշակույթի վաստակավոր գործիչը բարբարոսություն ու անհեթեթ որոշում է համարում: “Ով է իրավունք տվել խցկվել Աստծո ու հավատացյալի միջեւ, կամ սրբատեղի տանել այստեղից,-հարցնում է Սամվել Խալաթյանը:- Չի կարելի մարել աղոթողի մոմը”:
”Եթե Թուրքիան մի օր ասի մենք ձեր հուշարձանները լավ չենք պահում, գնալու ենք բերենք”,-կառավարության անդամներին հարցնում է վանաձորցին: Նրա խոսքով, կառավարության անդամները ավելի գրագետ են, քան Աշոտ Ողորմած թագավորն ու իր ժառանգները: Բայց այդ անգրագետ Բագրատունիները հասկանում էին, որ ամեն ինչ չէ, որ պետք է տանեն կենտրոն: “Լավ խաչքար հավաքող են, թող գնան ազգային “ցեցերի” դաչաներում տեղադրված խաչքարերը հավաքեն, որ գարեջրերի պատվանդաններ են դարձրել”-հեգնում է Խալաթյանը եւ զարմանում, թե ինչու է անտարբեր Մայր Աթոռը: Այդ լռությունը նրան անհագստացնում է: