Henaran.am-ը Թոխմախի Մհերին հանդիպեց ծեծված դերասանի մոտ /վիդեո/
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը /”Թոխմախ”-ի Մհեր/ այս պահին գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում` դերասան Սերգեյ Գրիգորյանի հիվանդասենյակն էր փնտրում: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց պատգամավորի հետ: Վերջինս հերքեց ուրը, որ դերասան Սերգեյ Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպը կատարվել է իրեն պատկանող բենզալցակայանում:
‘’ Ես եղել եմ նախ բենզալցակայանում, հետո եկել հիվանդանոց: Ավելին` բենզալցակայանը չունի անվտանգության աշխատողներ: Ինքս էլ զարմացա, երբ կարդացի այդ լուրը’’,-ասաց պատգամավորը: Նա մեր թղթակցի ներկայությամբ այցելեց տուժած Սերգեյ Գրիգորյանին: Վերջինս էլ պատգամավորի հետ զրույցում զարմացավ, թե ինչու են առավոտվանից բոլորը հետաքրքրվում իրենով:
‘’Կարող ա՞ բոլոր հիվանդներով այսպես հետաքրքրվում են’’,-հարցրեց Սերգեյը: Նշենք, որ այժմ Սերգեյ Գրիգորյանը հարցաքննվում է:
Հավելենք, օրերս Էրեբունի վարչական շրջանում՝ բենզալցակայանում, որը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), դաժան ծեծի են ենթարկվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանն ու նրա եղբայրը: Այս մասին տեղեկացրել է Լուրեր.com-ը:
Ըստ կայքի աղբյուրների՝ վեճը ծագել է այն պատճառով, որ բենզալցակայանում հերթ է առաջացել, իսկ անվտանգության աշխատողները փորձել են շրջանցել հերթը: Սերգեյ Գրիգորյանը վերջիններիս ասել է, որ ինքն ուշանում է աշխատանքից: Դրանից հետո սկսել է ծեծկռտուքը:
Եղբայրներն այժմ ծանր վիճակում են, նրանք գտնվում են Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Եվ չնայած ներկա պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն Սերգեյ Գրիգորյանը կորցրել է լսողությունը:
Մանրամասները` տեսանյութում