Չինական կողմի հետ մանրամասն քննարկվել է Հայ-Իրանական երկաթուղու նախագիծը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ, հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Հայ-Չինական տնտեսական հարաբերությունների մակարդակին և հետագա համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Հայ-Չինական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին աշխուժացել են, և արդեն ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ, որոնցից ամենակարևորները ՀՀ մաքսային անցակետերը արդիականացնելու նպատակով ՀՀ-ը խոշոր վարկի տրամադրումն է, Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի տրամադրումը` որի միջոցով հնարավոր է դառնում չինական զբոսաշրջային խմբեր ուղղորդել դեպի Հայաստան և մի շարք այլ համաձայնագրեր: Այս ամենի շնորհիվ Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը 2014թ. կազմեց 588 մլն. դոլար, որը 2013թ. նկատմամբ մոտ 30%-ով աճ է գրանցել, որում ՀՀ-ից դեպի ՉԺՀ արտահանումը 2014թ. կազմել է 171 մլն. դոլար, 2013թ. նկատմամբ աճելով մոտ 1.5 անգամ:
Հայ-Չինական հարաբերությունների դինամիկան իհարկե տպավորիչ է, սակայն նույն այդ հարաբերությունները գտնվում են մի շատ ավելի կարևոր գործարքի նախաշեմին, որն է` Հայ-Իրանական երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորումը, ինչը ՀՀ համար ունի ռազմավարական նշանակությունը, իսկ տնտեսության վրա նրա ազդեցությունը հսկայական կլինի:
Այս հանդիպման ընթացքում նույնպես անդրադարձ է եղել այդ թեմային, և վարչապետները մանրամասնորեն քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը, իսկ Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում:
Իհարկե Հայ-Իրանական առևտրաշրջանառությունը չափազանց փոքր է, որպեսզի արդարացնի մոտ 3 մլրդ. դոլարանոց նախագիծը, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ երկաթգծի կառուցումից հետո հայ արտահանողների համար բացվելու է ասիական զարգացող շուկան, սակայն այդ նախագիծը չպետք է դիտարկել զուտ Հայ-Իրանական երկաթգիծ, այլ Սև ծովը-Պարսից ծոցին կապող ամենաարագ և ամենամատչելի ճանապարհ, կամ այլ կերպ ասած Արևմուտքը-Արևելքին կապող ճանապարհներից մեկը (որում տնտեսական շահագրգռվածություն ունի նաև Չինաստանը), իսկ Հայաստանը այդ դեպքում դառնալու է տարանցիկ երկիր այդ ճանապարհին, դրանից բխող բոլոր հետևանքներով: