09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ):

Ըստ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանի՝ ԽՀՀ նիստն անցկացվել է մի շրջանում, երբ բավական աշխույժ են Հայաստան-Եվրամիություն շփումերն ու քաղաքական երկխոսությունը: Նրա խոսքով՝ զգալի առաջընթաց կա Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ուղղությամբ, բավական դինամիկ զարգացում են ապրում բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի վերաբերյալ, նախաստորագրված է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ փաստաթուղթը, ակտիվացել է ՀՀ-ԵՄ ոլորտային համագործակցությունը:

Նա հայկական պատվիրակության անունից դրական գնահատեց նիստի արդյունքում ընդունված Եզրափակիչ հայտարարությունը, որում տեղ են գտել նաեւ առաջարկություններ: Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության բոլոր անդամներին այն համաձայնության ու միակամության համար, որի արդյունքում հաջողվել է փոխհամաձայնությամբ ընդունված հայտարարության մեջ ներառել հայկական կողմի դիրքորոշումներն արտահայտող դրական ձեւակերպումեր:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը հանգամանալից ներկայացրեց հայտարարության բովանդակությունը, որում մասնավորապես բարձր է գնահատվում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: Սամվել Ֆարմանյանը կարեւոր համարեց այն փաստի ամրագրումը, որ բանակցող կողմերին կոչ է արվում գործադրել բոլոր ջանքերը՝ ավարտին հասցնելու Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Ողջունելի է համարվում Հայաստանի այն որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի եւ Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է ՀՀ այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:

Կարեւոր է համարվել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն ուղղված է խթանելու ՀՀ-ում բարեփոխումների խորացման եւ անշրջելիության ապահովման առաջնահերթությունը:

ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ ամբողջությամբ ճանաչվում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների ծրագիրը, եւ կոչ է արվում տրամադրել համարժեք օժանդակություն` համաձայն «Ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունվում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված եւ հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ չի կարող որեւէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, միաժամանակ ափսոսանք արտահայտելով բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ընդգծվել է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարեւորությունը: Այս դրույթի ամրագրումը, ըստ բանախոսի, չափազանց կարեւոր է հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական հռետորաբանության ֆոնին: Կողմերը վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ առանց բացառության բոլոր այն սկզբունքներին, որոնք ընկած են բանակցային գործընթացի հիմքում:

Սամվել Ֆարմանյանն ընդծեց այն դրույթի ամրագրումը, ըստ որի ՀՀ խորհրդարանականները Եվրախորհրդարանի հետ միասին կարեւորում են հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը՝ որպես էական քայլ՝ ուղղված խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակմանը:

Փատաթղթում անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքացիների ազատ կամարտահայտության միջոցով: Սամվել Ֆարմանյանի հավաստմամբ, խորհրդարանական ձեւաչափով ընդունված փաստաթղթերի համատեքստում սա նոր ձեւակերպում է, ինչը դրական է գնահատվում:

Չի շրջանցվել նաեւ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու անհրաժետությունը, ինչպես պահանջում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային կառույցները:

Նաեւ արձանագրվել է, որ Հայաստանն ամբողջությամբ պաշտպանում է 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը, որով մասնավորապես կոչ է արվում ստեղծել միջադեպերի կանխարգելման եւ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործուն մեխանիզմ:

Փաստաթղթով դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնվում վերջինիս` Ադրբեջանին արտահանձնելուց հետո հերոսացման կապակցությամբ, նշվում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին. դատապարտվում է նման ցանկացած սադրանք:

Սամվել Ֆարմանյանը ձեռքբերում համարեց նաեւ հայտարարության մեջ Ստեփանակերտի օդանավակայանի բացմանն անդրադարձը. հանձնաժողովը ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ եւ որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից:

« Լեռնային Ղարաբաղի առնչությամբ նման ձեւակերպումները գալիս են ապացուցելու, որ արցախյան խնդրի վերաբերյալ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են նույն լեզվով, եւ գնալով ակնհայտ է դառնում Ադրբեջանի պետական մոտեցումների մեկուսացումը»,-նշեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավարը:

Հանձնաժողովն իր հայտարարությամբ դատապարտում է հայ-թուրքական երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում, եւ այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման եւ հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարեւորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը: Սամվել Ֆարմանյանի խոսքով՝ վերջին ձեւակերպումը եւս նոր դրսեւորում է ԵՄ կողմից վերջին տարիներին վավերացրած փաստաթղթերում: Նա կարեւորեց նաեւ այն դրույթի ամրագրումը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն ու անընդունելի է համարվում տարածաշրջանի որեւէ երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը:

Փաստաթղթում նաեւ հղում կա 1987 թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւին: Բանախոսը կարեւոր համարեց նաեւ այն, որ աջակցություն է հայտնվում հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրմանն ու ակտիվ ներգրավմանը Եվրամիության քաղաքական ընտանիքներին:

Ներկայացնելով իր տեսակետները՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամ Տիգրան Ուրիխանյանը մասնավորապես կարեւորեց այն հանգամանքը, որ միչեւ նիստի հրավիրումը, հանձնաժողովի անդամներն այցելել են ԼՂՀ՝ հնարավորություն ստանալով Արցախի իշխանությունների, Ազգային ժողովի եւ քաղաքացիական հասարակության ակնկալիքը բանակցությունների ընթացքում միջնորդավորված կերպով ներկայացնելու: Նա եւս մեծապես կարեւորեց պատվիրակության միասնական դիրքորոշումը քննարկված հարցերի առնչությամբ:

Այս փաստն ընդգծեցին նաեւ ասուլիսի մյուս մասնակիցները: Մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ հնարավոր է եղել հանդես գալ որպես միասնական թիմ, եւ պատվիրակությունն առաջին հերթին առաջնորդվել է ՀՀ ազգային շահով: «Այս փաստաթուղթն ունի պատվիրակության բոլոր անդամների միահամուռ եւ լիակատար աջակցությունը, մենք ստորագրում ենք յուրաքանչյուր կետի տակ: Կարծում եմ՝ սա լավ նախադրյալ է, որ տարբեր ձեւաչափերում, եթե մեր պատվիրակություններն առաջին հերթին առաջնորդվեն ՀՀ ազգային շահով, ապա կարող ենք Հայաստանի համար նպաստավոր փաստաթղթեր ստանալ»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը: Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հասկանալիորեն կան վերապահումեր որոշակի ձեւակերպումերի, շարադրանքի առումով, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ»: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ հայտարարության տեքստն ընդունվել է հաձնաժողովի միասնական լինելու արդյունքում, եւ, ինչը շատ կարեւոր է, դա դրական արձանագանք է ստացել եվրոպացի պատգամավորների շրջանում:

ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամները պատասխանեցին նաեւ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ