Ով է ստանում ցանցերը, և ինչ է ստանում Հայաստանը. Ժամանակ
Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամը կարծես թե մոտենում է որոշակի հանգուցալուծման փուլի: Երկրի կառավարության օրակարգում է հայտնվել էլցանցերի վաճառքի հարցը, որով կառավարությանն է դիմել ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը: Ընկերությունը հավանություն է ակնկալում կիպրոսյան գրանցում ունեցող «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը ցանցերն ամբողջությամբ վաճառելու համար:
Եվ այսպես, ցանցերի հնարավոր վաճառքի մասին տեղեկությունները կարծես թե դառնում են իրականություն: Միայն թե պարզ չէ, թե այդ իրականության հետ ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը, որի անունը ամիսներ շարունակ շոշափվում էր որպես ցանցերի հավանական գնորդի: Օֆշորային ընկերության թիկունքում նա՞ է, թե՞ ոչ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հինգ տարի առաջ գրանցված ընկերության թիկունքում հենց Սամվել Կարապետյանն է: Թե ինչու է նա որոշել ցանցերը գնել օֆշորային ընկերության միջոցով՝ այնքան էլ պարզ չէ: Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը Սամվել Կաևրապետյանի համար որոշակի ֆինանսական, տնտեսական, քաղաքական ֆորսմաժորային իրավիճակներում, այսպես ասած, իմիջն ապահովագրելու միջոց է:
Բնականաբար, առաջին հարցը, որ հուզում է հանրությանը, էլեկտրաէներգիայի սակագնի հարցն է: Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից այն թանկացել է՝ համաձայն ՀԾԿՀ որոշման, սակայն կառավարությունը «Ո՛չ թալանին» շարժման՝ Բաղրամյան փողոցի պայքարից հետո հայտարարեց թանկացած մասը սուբսիդավորելու մասին: Բայց ակնհայտ է, որ սուբսիդավորումը կրկին բեռ է հանրության վրա, պարզապես միջնորդավորված բեռ, որի ծանրությունը կզգացվի ոչ թե անմիջապես, այլ ժամանակի ընթացքում: Եվ ուրեմն էլցանցերի վաճառքի հարցում թիվ մեկ խնդիրը հասարակության համար այն է, թե արդյոք այդ բեռը հանվելո՞ւ է հանրության ուսերից: Մյուս կողմից, բնականաբար, հարց է առաջանում, թե նոր սեփականատերը դա կվերցնի՞ իր վրա, և եթե այո, ապա ինչի՞ դիմաց՝ ի՞նչ կստանա նա այդ բեռն իր վրա վերցնելու դիմաց:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: