Նախագահի թեկնածուն չհասցրեց ներկայացնել գրական գոհարները
Արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը չներկայացավ դեբատի: “Դեբատ” ակումբում նա պիտի բանավիճեր էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Տեր-Գուլանյանը ոչ թե խուսափել էր, այլ մարզում էր, եւ չհասցրեց գալ, եթե նկատենք, որ դեբատը սկսեց տասնհինգ րոպե ուշացումով: Արդյոք նրան տեսիլք է երեւացել ու հորդորել առաջադրվելու նախագահի թեկնածու:
Վարդան Սեդրակյանի աչքին տեսիլք չի երեւացել, երբ նա բանակից զորացրվեց, 1988թ-ին մասնակցեց Շարժմանը, եւ հայտարարեց, որ ինքը կլինի Հայաստանի չորրորդ նախագահը: Հիմա եկել է իր երազանքը իրականացնելու ժամանակը:
Թե ինչու է էպոսը նրա նախընտրական ծրագրի հենքը, ապա ըստ Սեդրակյանի, ինքը “Սասնա ծռեր”-ից հանել է օրենքներ: “Էպոսի մեջ չկա արեւմուտք, արեւելք, վազենք այս կամ այն կողմ, դա ազգային ծրագիր է”,-ասաց նախագահի թեկնածուն: Նա արդեն տասնչորս տարի փորձել է էպոսից վերցրած վերլուծությունները ներկայացնել իշխանություններին, սակայն այդպես էլ “տիեզերական օրենքը, տիեզերական արդարությունը” այդպես էլ չեն ուզում ըմբռնել: “Նախագահից սկսած բոլոր պետական ատյաններն ընդունում են, բայց հրաժարվում են իրականացնել ծրագիրը, այլ ելք չի մնում քան առաջադրվել եւ ինքդ անել այդ ծրագիրը”,-ասաց թեկնածուն: Նրան ոչ մեկը չի ֆինանսավորում, այլ ինքը ունի անհրաժեշտ միջոցները: “Ոչ մի հովանավորության կարիք ես չունեմ, ասում եմ մեկ անգամ եւս”,- հիշեցրեց Սեդրակյանը: Նրա խոսքով ինքը քաղաքական գործիչ չի դառնա, պարզապես կհամախմբի երեք նախագահների ներուժը եւ երկիրը կտանի փրկության:
Չնայած դեբատի թեման Վարդան Սեդրակյանի նոր “բացահայտումները”` պատմվածքներն էին, այդպես էլ նա չհասցրեց գրական գոհարները ներկայացնել: Լրագրողներին նրա քաղաքական հայացքներն էին հետաքրքրում: