Համամասնական թե՞ մեծամասնական. ՀՀԿ, “Ժառանգություն”, “Ազատ դեմոկրատներ”

Ստեփան Սաֆարյան եւ Ռաֆիկ Պետրոսյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին “էն գլխից” էր դեռ կողմ: Սակայն Հայաստանի համար այն այսօր կիրառել Պետրոսյանը նպատակահարմար չի գտնում: Սակայն նրա ընդդիմախոս “Ժառանգության” խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի մեծամասնական ընտրակարգից բացառիկ հնարավորություններ ստանում են իշխանության ներկայացուցիչները: Ըստ նրա` լինելով իբրեւ անկախ պատգամավոր, նրանք պարտադիր իշխանության օգտին են քվեարկում: Հանրապետական պատգամավորը այն կարծիքին է, որ տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավորը մտածում է տեղի բնակիչների խնդիրների մասին եւ օգնում է լուծելուն:
“Պատգամավորը ասֆալտ անող չէ, խողովակաշար քաշող չէ, այլ օրենսդիր: Բացի այդ տվյալ տարածքներում խնդիր բարձրացնողները ոչ թե այդ տարածքը ներկայացնող պատգամավորներն են, այլ “ժառանգության” պատգամավորները”,-իր կուսակիցներին PR անելու առիթը բաց չթողեց Սաֆարյանը:
ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությանն խորհուրդ տվեց կարեւորել ոչ թե ամբողջական համամասնական ընտրակարգն անցնելը, այլ ընդամենը ուշադրություն դարձնել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն:
Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անդրադարձել են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը եւ “Ազատ դեմոկրատներից” Ալեքսանդր Արզումանյանը:

Արտակ Դավթյան
Ըստ Արտակ Դավթյանի, եթե լրիվ գործի համամասնական ընտրակարգը, ապա առաջիկա խորհրդարանում կանցնեն ոչ ավելի քան 3 կամ 4 կուսակցություն: “Այսպես թե այնպես, մարդիկ, ովքեր ունեն որոշակի հեղինակություն, իրավունք ունենալո՞ւ են տեղ գրավել այս կամ այն համամասնական ցուցակում: Նրանք իրենց ազդեցությունը կօգտագործեն , որպեսզի ապահովեն իրենց տեղը գալիք խորհրդարանում: Ի՞նչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ հենց այս: Այս պարագայում կասկածում եմ, որ ընդդիմությունից երկու կուսակցություն, որոնք համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, երկուսն էլ տեղ կունենան ԱԺ-ում: Լավագույն դեպքում նրանցից մեկը տեղ կունենա: Ներկայացուցչական մարմնի առումով ապագա խորհրդարանը կտուժի”,-պարզաբանեց Արտակ Դավթյանը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հակադարձելով իր ընդդիմախոսին` ասաց, որ “հիմա չպետք է որոշվի` որեւէ համակարգի դեպքում ով կանցնի ԱԺ”:-ում:

Ալեքսանդր Արզումանյան
“Դա ընտրողն է որոշում, ոչ թե քաղաքական գործիչները: Եթե վստահ եք, որ անցնելու է ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ապա կոչ եմ անում ձեզ, որ ձեր արգումենտները գործի դնեք: Ձեր մտավախությունից խուսափելու համար գուցե մեծահոգաբար թույլ տաք, որ ՀՅԴ-ն ու “Ժառանգությունն” էլ հարյուր տոկոսի դեպքում մասնակցեն”,-նկատեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ի դեպ, թե ՀՀԿ-ի, եւ թե “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները կողմ են, որ ընտրակարգի փոփոխության հարցը որոշվի հանրաքվեով: