Ես ՀԱԿ-ի անդամ չեմ եղել. Ալեքսանդր Արզումանյանը հրաժարվեց ՀԱԿ-ից
“Ես ՀԱԿ անդամ չեմ եղել: Երբ ՀԱԿ-ը ստեղծվում էր, ես “Երեւան-Կենտրոն” ՔԿՀ-ում էի”,-այսօր “Սիվիլիթաս” հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է նախկին ՀՀՇ-ական, նախկին արտգործնախարար, այժմ “Ազատ դեմոկրատներ”-ի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:
“Ես, որպես քաղբանտարկյալ, ողջունել եմ ՀԱԿ-ի ստեղծումը: Անշուշտ, դա նոր էտապ էր շարժման համար: Ես եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյան թեկնածուի շտաբի պետը, կազմակերպել եմ նախընտրական աշխատանքները եւ կարծում եմ, որ շատ լավ է գործել շտաբը”,-ասել է Ալիկ Արզումանյանն ու հավելել. ”Դրանից հետո շարժման ղեկավարությունը որոշել է այլ ֆորմատ ձեւավորել: Այո, եղել են տարաձայնություններ”:
Նախկին արտգործնախարարը նշել է, որ ՀՀՇ-ում եղած ժամանակ էլ գտել է, որ Հայաստանում ազատական-ժողովրդավարական գաղափարախոսության նահանջ կա, որը ներկայացված չէ ոչ խորհրդարանում, ոչ էլ ամենալայն ընդդիմադիր դաշտում:
“ՀԱԿ-ը, ըստ սահմանման, չի կարող լինել գաղափարախոսական դաշինք, որովհետեւ ներառում է սոցիալիստներից մինչեւ նացիոնալիստ ողջ սպեկտորը: Մեր կարծիքով, դա նորմալ է նախագահական ընտրությունների ժամանակ, որը սատարում է մեկ թեկնածուի, բայց այս պահին, գտնում ենք, որ նպատակահարմար է գաղափարական հենքի վրա հանդես գալ”,-շարունակել է Ալեքսանդր Արզումանյանն ու հավելել, որ սա է եղել իր “Ազատ դեմոկրատներ”-ին անդամագրվելու պատճառը:
Henaran.am-ի ճշտող հարցին, թե նախկինում լինելով ՀՀՇ անդամ, որը ՀԱԿ-ի մաս կազմող տասնութ կուսակցություններից առանցքայինն է, այդուհանդերձ չի՞ համարում, որ ՀԱԿ անդամ է եղել, Ալիկ Արզումանյանը պխատասխանեց.
”ՀԱԿ-ը ունի անդամակցության երկու ձեւ` կուսակցությունների միջոցով եւ անհատական անդամագրման: ՀՀՇ-ն հիմնադիր փաստաթուղթը ստորագրել է եւ դարձել է ՀԱԿ-ի անդամ:
Ես, որպես ՀՀՇ անդամ, ինձ համարել եմ ՀԱԿ-ի` կուսակցության միջոցով անդամ: Ես դուրս եմ եկել ՀՀՇ կազմից եւ հանդիսանում եմ այլ կուսակցության անդամ, որը չի հանդիսանում ՀԱԿ անդամ: Այդպիսով, կարծում եմ այդ հարցը սպառված է”: