ՀԱԿ-ը պատրաստ է “խաղալ վատ կանոններով”. Խաչատուր Սուքիասյանի հարցը չի քննարկվել
Կոնգրեսում մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման հարցի շուրջ քննարկումները դեռեւս չեն ավարտվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Այդ քննարկումները կան: Կենտրոնական շտաբի մոտեցումն այն է, որ բոլոր 41 ընտրատարածքներում ճիշտ կլինի, որ առաջադրենք թեկնածուներ”,-ասել է Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը հանդես եկավ ԸՕ բարեփոխման շուրջ ընդհանուր պլատֆորմ ստեղծելու առաջարկով: Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը պատրաստ է անգամ մեծամասնական համակարգից հրաժարումը իշխանություններին պարտադրելու համար հանրահավաքներ անել, բայց, եթե դա չստացվի, ՀԱԿ-ը, Զուրաբյանի խոսքով, փորձելու է “խաղալ այդ վատ կանոններով”:
ՀԱԿ համակարգողից Henaran.am-ը հետաքրքրվել է,թե արդյոք քննարկվել է ընտրություններին Խաչատուր Սուքիասյանի մասնակցության հարցը մեծամասնական ընտրակարգով եւ արդյոք ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուների շարքում կլինեն գործարարներ:
“Մեր սկզբունքը այն է, որ պետք է պահպանվի սահմանադրական դրույթը, որ բիզնեսը եւ քաղաքականությունը անջատված լինեն”: Ինչ վերաբերվում է Խաչատուր Սուքիասյանին, ՀԱԿ համակարգողն ասաց, որ նրա մասնակցության հարցը եւս չի քննարկվել: