Քաղաքական դաշտը պատասխանատու փուլ է մտնում. Նաիրա Զոհրաբյանը կոռեկտության կողմնակից է
“Ես տեղյակ չեմ, թե այնտեղ ինչ խնդիրներ են քննարկվել, բնականաբար, կոալիցիայի նիստի մասին ոչինչ ասել չեմ կարող, ինչ վերաբերվում է նշված խնդրին, ապա մենք մշտապես ասել ենք, որ կողմ ենք եւ առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին բանավեճերը ծավալել բացառապես կոռեկտ` միմյանց տեսակետը լսելու եւ հարգելու մթնոլորտում, հատկապես հիմա, երբ մտնում ենք նախընտրական փուլ”,-այսօր Henaran.am –ի հետ զրույցում` անդրադառնալով երեկ տեղի ունեցած կոալիցիայի նիստին եւ այն տեղեկությանը, թե կոալիցիոն գործընկերները պայմանավորվել են հրապարակավ չքննադատել միմյանց, ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել կոալիցոն գործընկերների հերթական հանդիպումը: Հավելենք վերջին օրերին լրատվամիջոցների եւ քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունն էր: Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով սրան, մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքական դաշտը պատասխանատու փուլ է մտնում եւ բոլոր քննարկումները, անկախ անհամաձայնությունից, հարկավոր է վարել քաղաքական կոռեկտության սահմաններում:
Զոհրաբյանը միեւնույն ժամանակ հավելեց.”Մենք նաեւ ասել ենք, որ եթե մեր կուսակցության հասցեին կլինեն ոչ կոռեկտ ձեւակերպումներ, հոխորտանք, իրենց մեջ դաստիարակչական նոտաներ պարունակող հայտարարություններ, ապա բնականաբար, դրանք անարձագանք չեն մնալու”: