Թումանյանի Թբիլիսիի բնակարանը կգնեն Ղուկասյան եղբայրները
“Թումանյանի տան հարցը վերջապես իր հանգուցալուծումը ստացավ”,-այսօր ասուլիսին ուրախությամբ ընդգծեց ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը :
Հիշեցնենք, որ 10 օր առաջ ՀՀ վարչապետի հանձնարարականով պատվիրակություն էր մեկնել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ճշտելու` արդյոք Թումանյանի բնակարանը վաճառվել է, թե ոչ:
Ինչպես նշեց պատվիրակության ղեկավար Լեւոն Անանյանը, իրենք հանդիպումներ են ունեցել Թումանյանի տան սեփականատիրոջ` Արչիլ Լեժավայի, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Ալեսնիկովայի , Վրաստանում Հայաստանի դեսպանի, վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն սրբազանի հետ:Վերադարձին պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիրգրան Սարգսյանին ու ներկայացրել մանրամասները:
“Կառավարությունը մշակել էր մի քանի տարբերակներ ստեղծված խնդրին լուծում տալու համար. բացել հիմնադրամ, հայտարարել համաժողովրդական դրամահավաք եւ այլն: Այդ ամենը ժամանակային առումով ծավալուն էր, իսկ Լեժավան մեզ տվել էր մեկ ամիս ժամանակ, ընդ որում նա պահանջում էր նույն թաղամասում մեկ այլ բնակարան տրամադրել իրեն”,- մանրամասնեց Լ. Անանյանը:
Պարզվում է՝ Թբիլիսիում գտնվող Թումանյանի տունը գնելու պատրաստակամություն է հայտնել Գյումրու քաղաքապետը:
“Ղուկասյան եղբայրները պատրաստակամություն հայտնեցին իրենց խնայողություններով գնել Լեժավայի տարածքը եւ նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին”,- ուրախությամբ հավելեց գրողների միության նախագահը:
“Լոռվա ձոր” հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանն էլ հայտարարեց, որ միությունը շահագործելու է Թումանյանի տունը վերանորոգումից հետո, այնտեղ լինելու է հայ-վրացական կրթական մշակույթի կենտրոն:
“Ամեն տարի Դսեղում նշում ենք Թումանյանական օր, տարվա մեջ մեկ օր էլ թող լինի Թբիլիսիում”,- նշեց Սերգո Երիցյանը:
“Թումանյանը միավորեց բոլորիս, բոլորիս ուշադրությունը սեւեռելով իր տան վրա”,- չթաքցրեց իր ուրախությունը նաեւ Իռմա Սաֆրաստբեկյանը, ով Թումանյանի թոռնուհին է: