22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

120 հազար ընտանիքներ կօգտվեն սոցիալական փաթեթից. ֆինանսների նախարար

2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթը, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակեր­պություն­ների վարչա­կան եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների  համար:

Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և  նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուս­նա­ցած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրութ­յան չափից հավասա­րաչափ օգտվել բժշկական ապահովագրության, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարման եւ ՀՀ և ԼՂՀ տարածքում հանգստի կազմակերպման ծառայություններից:

Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ:

Այս  գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:

Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատան­քային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականաց­նող անձանց վրա փաթեթը չի տարածվում:

Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը դրամի վերածելու դեպքում նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:

Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավե­տությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ