Ընտրությունները չեն խաթարի Հայաստանի տնտեսական զարգացումը. Վաչե Գաբրիելյան /վիդեո/
“Մեր առաջին ամսվա կատարողականը ավելի քան բավարար է: Ծրագրված գումարներն ամբողջովին կատարված են եւ որեւէ հիմք, որ մենք ունենք վտանգներ, այս պահին չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով 2012 թ պետական բյուջեի կատարման հետ կապված ռիսկերի մասին հարցին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Միեւնույն ժամանակ, նախարարը հիշեցրել է, որ այսօր ողջ աշխարհը “շունչը պահած” սպասում է եվրոպական զարգացումներին եւ նշել է, որ առկա են դրսից եկող մակրոտնտեսական ռիսկեր : “Եթե եվրոպական զարգացումներն ունենան վատ ընթացք, ապա դա հնարավոր է, որ ազդեցություն կունենան նաեւ Հայաստանի վրա, սակայն այժմ ապոկալիպտիկ զարգացումներ չեն սպասում“,-նշել է նա:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տնտեսական զարգացումներին, որոնք եւս Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն ունեն, Վաչե Գաբրիելյանն ասել է.”Այնտեղ եւս սպասվում է 4-4.5 տոկոսանոց աճ: Այդ տրամաբանության ներքո մենք էլ պետք է գնանք մեր բազային սցենարով”:
Ֆինանսների նախարարն ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված ներքին ռիսկեր, որոնք կարող են խաթարել երկրի տնտեսական աճը, չի տեսնում: