Հրայր Զորյանը` ԱԺ-ում /լրացված/
Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել “Արմենպրես” լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը:
Հիշեցնենք, որ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանն օրերս է ազատվել աշխատանքից: Նշենք նաեւ, որ լրագրողները ստորագրահավաք էին նախաձեռնել ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի, սակայն նրան աշխատանքում վերականգնելու խնդրանքը մերժվեց:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 15-րդ հոդվածով` 7 օրյա ժամկետում պետք է կատարվեր արտամրցութային նշանակում` վարչության ներսի պետական ծառայողներից: Հակառակ դեպքում` դրսից մարդ բերելու համար այդ ժամկետը լրանալուն պես ԱԺ-ն պարտավոր էր մրցույթ հայտարարել: Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատվելու 7 օրյա ժամկետը դեռ չի լրացել:
Henaran.am-ին չհաջողվեց ԱԺ-ից ստանալ պարզաբանում: ԱԺ նախագահի ընդունարանից խորհուրդ տվեցին զանգահարել հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Սակայն մեր հեռախոսազանգին պատասխանող չեղավ: Հրայր Զորյանը նույնպես չի պատասխանում զանգերին, հավանաբար նոր գործառույթներին է ծանոթանում:
Քիչ առաջ տեղեկացանք, որ մոտ մեկ ժամ առաջ Հրայր Զորյանը ներկայացվել է ԱԺ-ի աշխատակազմին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հրայր Զորյանը նշանակվելուց հետո անցնելու է ատեստացիա` պետծառայության մասին օրենքի պահանջով: