Խաղամոլությունն ավելի հեշտ է հաղթահարվում, քան թմրամոլությունը. Հոգեբան
‘’Թմրամոլությունը բոլոր կախվածությունների մեջ ամենաարագ ձևավորվող, դժվար հաղթահարելի եւ ամենակործանարար կախվածությունն է, որն աշխարհում գնալով լայն տարածում է ստանում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` թմրամոլությունն իրենից ներկայացնում է եւ ֆիզիկական, եւ հոգեբանական կախվածություն, ինչի բուժումը չափից դուրս դժվար է, երբեմն մի կախվածությունը փոխարինվում է մեկ այլ կախվածությամբ: Սամվել Խուդոյանը նշեց, որ ավելի հեշտ բուժվում է խաղամոլությունը, աղանդավորական կախվածությունը, եւ առավել դժվար բուժվում է թմրամոլությունը:
‘’Հաճախ կրոնական բուժումը` աղանդավորական դառնալը արդյունավետ է լինում թմրամոլների ֆիզիկական բուժման համար, սակայն դա բուժում անվանել չի կարելի, քանի որ փոխակերպվում է մեկ այլ կախվածությամբ’’,- ասաց հոգեբանը:
Նա նշեց, որ թմրամոլության հակվածության պատճառը գիտակցության վիճակի փոփոխություններն են` իրականությունից փախնելը, իրականությունը չընդունելը, ցածր ինքնագանահատականը: Հոգեբանի խոսքով` թմրամոլների 98 տոկոսը չեն արժևորում կյանքը, չգիտեն, թե ինչու են ապրում, եւ թմրամոլությունը դառնում է ինքնասպանության յուրօրինակ ձև, եւ այդ է պատճառը, որ բժշկական օգնությունը շատ հաճախ չի օգնում:
Սամվել Խուդոյանը թվարկեց հոգեբանական թերապիայի մի քանի մեթոդներ, որոնք օգտակար են լինում թմրամությունից ձերբազատվելու համար: Այդ մեթոդներից է կոդավորումը, երբ հատուկ ծրագրավորմամբ հիվանդների մոտ ներշնչում են զզվանք թմրադեղերի և ալկոհոլի նկատմամբ: Հաջորդ մեթոդը էքզիստենցիալ/գոյության/ թերապիան է, այսինք` կյանքի իմաստավորումը, երբ հոգեբանի օգնությամբ թմրամոլն իր համար ինչ-որ կյանքի իմաստ է բացահայտում, օրինակ` Աստծուն ծառայելը: Կա նաև կոգնիտիվ թերապիա` մարդու մտածելակերպի փոփոխություն, երբ թմրամոլը սկսում է ‘’ադեկվատ’’ գնահատել իրականությունը:
‘’Իհարկե ռիսկային խմբում են առավելապես դեռահասներն ու պատանիները, քանի որ նրանք ինքնահաստատման փուլ են մտնում և բացարձակ վտանգ չեն զգում: Նրանց մեծ մասը հոգեբանի մոտ իրենց կամքով չեն գալիս’’,- ասաց Սամվել Խուդոյանը` հավելելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում քիչ է տարածված թմրամոլությունն ու ալկոհոլամոլությունը: