… Գործ ունենք մանյակների հետ. Հայկ Գեւորգյանը գնալու է մինչև Եվրոպական դատարան
![](https://henaran.am/wp-content/uploads/Հայկ-Գեւորգյան1.jpg)
“’Կարեւորն այն է, որ ոչ ոք չի հավատացել, որ ես վրաերթի եմ ենթարկել այդ մարդուն եւ թողել ու գնացել։ Ես ինչպե՞ս կարող էի մարդուն անօգնական թողնել եւ հեռանալ’’, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ‘’Հայկական ժամանակ’’ օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Նա նշեց, որ իր համար կարեւորն այն է, որ իր համբավը վերականգնվի եւ բացահայտվի այս գործը` հավելելով, որ Հայաստանի դատական համակարգից սպասելիք չունի, բայց գնալու է մինչեւ ՄԻ Եվրոպական դատարան: Հայկ Գեւորգյանը կարծում է, որ գործն անպայման կբացահայտվի, նաև կբացահայտվի այն մարդը, ում մոտ առաջացել է այդ միտքը:
‘’Մենք համոզվել ենք , որ գործ ունենք մանյակների հետ’’, – ասաց լրագրողը : Հայկը նշեց, որ ոստիկանության գործողություններում տրամաբանություն չկար, դա, ըստ երեւույթին, պարզապես նախազգուշացում էր: Նա համոզված է, որ իրեն կալանավորելու եւ այս միջադեպը սարքելու պատճառն իր մասնագիտական գործունեությունն է: Սակայն, նրա խոսքով, ոստիկանության ծրագիրը չիրականացավ:
Հայկը բացառում է, որ իր մեքենան հպվել է այդ մարդուն, քանի որ այդ մարդը բավականին հեռու է եղել մեքենայից: ‘’Ես համոզված եմ, որ ոստիկանությունն ունի նկարահանած կադրեր, եւ եթե իմ մեքենան իսկապես հպված լիներ այդ անձնավորությանը, ապա անպայման այդ կադրերը կցուցադրվեին’’,- ընդգծեց լրագրողը:
‘’Միջադեպի եւ կալանավորման մեջ տրամաբանություն չկար, տրամաբանություն չկա նրա մեջ, որ առգրավում են ակնոց, ՀԴՄ կտրոն, ձայնագրիչ եւ լուսանկարչական ապարատ, որոնք մինչ օրս չեն վերադարձրել’’,- նշեց Հ. Գեւորգյանը` ենթադրելով, որ շատ մարդիկ կցանկանան իրեն վատություն անել, վախեցնել:
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում անցկացրած օրերին` լրագրողն ասաց, որ լսել է 25 հոգու պատմություն. ‘’Լսել եմ, թե ինչպես են ծեծել, խոշտանգել՝ այլ կերպ չեմ կարող ասել: Դատավորը տուփերով կնքում է կալանքի սանկցիաները, ոստիկանությունում ծեծելուց հետո տանում են դատարան, ասում են՝ փաստաբանից հրաժարվի, որ քեզ համար վատ չլինի’’:
Հիշեցնենք, որ ՀԺ-ի փոխխմբագիրը փետրվարի 6-ին ազատ է արձակվել Նուբարաշենի ՔԿՀ-ից, փոխվել է նրա խափանման միջոցը` կալանքը ` ստորագրությամբ չբացակայելու: