Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը մարտի 31-ին` Գերմանիայում
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի
առաջիկա մենամարտը նախանշված է մարտի
31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում:
Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
“Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է: Ֆարիասի նկատմամբ տարած հաղթանակն այդ նպատակի ճանապարհին կատարած առաջին քայլն է”,- նշում է Աբրահամը:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա”
համալիրում Արթուր Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին
մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Արթուր Աբրահամը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 36 մենամարտ, որոնցից 33-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ անվանի բռնցքամարտիկը զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում:
Henaran.am-ին հաղորդում են Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո գրասենյակից