Մենք պետք է Ադրբեջանի հետ խոսենք պահանջատիրոջ լեզվով. Գ.Այվազյան
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը խոսելով բանակցային գործընթացում ադրբեջանահայերի խնդրի դիտարկման եւ դրա արդյունավետության մասին` ընդգծեց, որ այդ գործընթացում ադրբեջանահայերի խնդիրը երկրորդ բաղադրիչն է:
Նրա խոսքով` փախստականների հարցը ներառված է բանակցային գործընթացում, բայց գոյություն ունեցող ձեւաչափը նպատակ է ունեցել կարգավորել հակամարտությունը, որտեղ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է:
‘’Թերությունն այն է, որ ադրբեջանահայերի խնդիրը դառնում է երկրորդ բաղադրիչ: Այն, ինչ այսօր կատարվում է բանակցային գործընթացում, փախստականների հարցն էֆեկտիվ լուծելու իրական հնարավորություն չի ընձեռում’’,- ասաց Ա. Ղուկասյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ կտրականապես դեմ է փախստականների խնդիրը ներքաղաքական ասպարեզում շահարկելուն, քանի որ հարցը, նրա համոզմամբ, միջազգային է:
‘’Մեր կարծիքն այն է, որ պետք չէ աղերսողի դերում հանդես գանք, պետք է պահանջատիրոջ լեզվով խոսենք եւ ոչ թե մեղանչողի: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Մենք պահանջում ենք վերականգնել մեր օրինական իրավունքները, պահանջում ենք նյութական փոխհատուցում` 100 մլրդ դոլար եւ գույքի փոխհատուցում, նաեւ Շահումյանի շրջանը, եւ եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, պետք է նրան զրկել քաղաքակիրթ պետությունների շարքում հանդես գալու իրավունքի’’- նշեց Գ. Այվազյանը: