ՀՀ կառավարությունը կապահովի Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը.վարչապետը հավաստիացրեց
Այսօր ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց, թե ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը` ապահովելու Սիրիայի հայկական համայնքի անվտանգությունը` պայմանավորված Սիրիայի քաղաքական զարգացումներով: Հարցին արձագանքեց վարչապետ Տիգրան Սարգսյանը :
“Հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք ամենօրյա ռեժիմով ուշադրության տակ ենք պահում խնդիրը` աշխատելով թե դիվանագիտական խողովակներով, թե համայնքի հետ, եւ բնականաբար առաջին հերթին մեզ մտահոգում է հայկական համայնքի անվտանգության խնդիրը”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը հավաստիացրեց, որ բոլոր հնարավոր միջոցները կօգտագործվեն, որպեսզի կառավարությունն առավել օգտակար լինի մեր հայրենակիցներին :
“Ես առնվազն բավարարված եմ, որ խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է` հասկանալով նաեւ մեր սահմանափակ հնարավորությունները”,-նկատեց Վահան Հովհաննիսյանն ու հետաքրքրվեց, թե արդյո՞ք կառավարությունը վերաբնակեցման ծրագրեր է քննարկում: Վարչապետն ասաց, որ խնդիրն ուսումնասիրվում է, եւ համայնքից ստացված ազդակների հիման վրա կառավարությունը համապատասխան քայլեր կիրականացնի: “Խնդիրը շատ բազմազան է, պայմանավորված է ոչ միայն բիզնեսով, այլեւ խնայողությունների պահպանման խնդիրներով եւ այլն: Բնականավար, այս բոլոր հարցերն ուսումնասիրելով, մենք ուղղորդելու ենք , որպեսզի նախապատվությունը տվի մայր հայրենիքին”,-հայտարարեց վարչապետը: