Սերժ Սարգսյանը` մարտական ընկեր. ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարի
Չնայած Երկրապահ կամավորականների միության/ԵԿՄ/ պատասխանատու դեմքերը հայտարարում են, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական կառույց է, բայց նրա շուրջ միշտ էլ քաղաքական կրքերը զարգանում են, հատկապես նախընտրական փուլում :
Անցած անգամ կրքերը ավելի քան շիկացած էին գեներալ Մանվել Գրիգորյանի շուրջ: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հանրահավաքներում հայտարարում էր, որ երկրապահներն իրենց կողմն են անցնելու եւ հենց այդ ժամանակ էլ պառակտվեց ԵԿՄ-ն:
Չորս տարի առաջ` ԵԿՄ-ի 8-րդ համագումարին չմասնակցեց նախկին զինդատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով, ԵԿՄ-ի կռված տղաների խոսքով ` Մանվել Գրիգորյանի հացընկերն էր:
Ամեն դեպքում, այս անգամ ԵԿՄ-ի քաղաքական համակրանքը պարզ է, թե ում կողմը կլինի, եթե հաշվի առնենք, որ համագումարին մասնակցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
“Երկրապահ կամավորականների միության համագումարին Սերժ Սարգսյանը կմասնակցի որպես երկրի նախագահ եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարտական ընկեր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը:
Նրա խոսքով, ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, եւ պետք չէ սպասել որեւէ ուժերին սատարելու մասին հայտարարություն: Կուսակցություններին հատուկ հրավերներ չեն ուղարկվել: Միայն հրավիրվել են մոտ երեք տասնյակ մտավորականներ:
“Իհարկե, հատուկ հրավիրատոմս է ուղարկվելու Վազգեն Սարսգյանի մայրիկին` Գրետա Սարգսյանին: Նա միշտ մասնակցում է համագումարին”,-ասաց Վ. Վարդանյանը: Վերջինս նշեց, որ սպարապետի եղբայրները ԵԿՄ անդամ են:
“Արմեն Սարգսյանը նույնիսկ ԵԿՄ վարչության անդամ է, եւ կարծում եմ այս անգամ էլ կընտրվի: Իսկ Արամ Սարգսյանը գուցե որպես պատվիրակ մասնակցի: ԵԿՄ անդամներին հրավերքներ չեն ուղարկվում եւ ասեմ, որ ԵԿՄ-ն 30 հազարից ավելի անդամ ունի: Այդ անդամներից են տարածքային կառույցները ընտրում պատվիրակներ”,-ասաց Վարդանյանը:
Իսկ ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ հարցազրույցին, ապա մամուլի պատասխանատուն նշեց, որ համագումարի օրը` փետրվարի 18-ին, Մանվել Գրիգորյանը անձամբ կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին: