ԵԺԿ-ն քաղաքական որոշում է կայացրել. Նաիրա Զոհրաբյան
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ շնորհավորեց քաղաքական երեք ուժերին` ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ “Ժառանգությանը”, ԵԺԿ-ին անդամակցության համար, այնուհետ հայտարարեց, թե ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի որոշումը բացառապես քաղաքական որոշում է եղել:
ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ կարող էր թաքնված լինել իր նշած քաղաքական որոշման տակ: “Այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ավելի կամ պակաս ժողովրդավար լինելով, այս կամ այն կուսակցության` եվրոպական ընտանիքում առավել կամ պակաս ներգրավված լինելով:
Թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ի որոշումը, ես մեկնաբանել չեմ կարող, դա պետք է մեկնաբանի ԵԺԿ-ն”,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու հավելեց. “Ես ուղղակի պիտի հղում անեմ “Ժառանգության” առանջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն խոսքը, որը ԵԺԿ մարսելյան համագումարից հետո ասաց, թե իր համար անհասկանալի է` ի՞նչ սկզբունքով ԲՀԿ–ն չի ընդգրկվել ԵԺԿ–ում”:
Նա հիշեցրեց, որ ԵԺԿ-ի` Մարսելյան համաժողովից հետո ինքը նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիկտոր Մարտենսին: “ԵԺԿ նախագահի պատասխանում ոչինչ չկար, ընդամենը կար, որ մեր կուսակցության մասով որոշում չկա, եւ որոշումը կհրապարակվի փետրվարին”,-նշեց Նաիրա Զոհրաբյանը ու հավելեց, որ ԲՀԿ-ն շարունակելու է եվրաինտեգրմանն ուղղված իր քայլերը:
Հիշեցնենք, որ երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովում քննարկվել է վերը նշված հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցության հարցը եւ դրական որոշում ընդունվել` ձայների ճնշող մեծամասնությամբ:
Հավելենք, որ ավելի վաղ ԲՀԿ-ն ընդունել է ԵԺԿ դիտորդ անդամ դառնալու ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ “Ժառանգության” հայտերը : ԲՀԿ-ի հայտը ԵԺԿ-ի կողմից մերժվել էր: