Աժ-ում 2 մարդ կա տնտեսությունից հասկացող. Հրանտ Բագրատյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին: Նրա համոզմամբ`գյուղատնտեսության մեջ ոչ մի աճ էլ չկա, քանի որ այն, ինչ ներկայացվում է, սուտ հրապարակումներ են, օրինակ` ըստ նախկին վարչապետի` արտադրվել է 110 հազար տոննա խաղող, բայց հրապարակում են, թե արտադրվել է 220 հազար տոննա:
Հրանտ Բագրատյանը գտնում է, որ տնտեսության մեջ շարունակվում է հայտնի բլեֆների շարքը, մարդիկ երկրում պակասում են, իսկ գյուղմթերքների գինն աճում է 14 տոկոսով:
‘’Եթե Հայաստանում շուկայական հարաբերություններ լինեին, այլ ոչ` ’’նշանակովի բիզնես’’, ապա իրականում մեկ մեքենայի ապահովագրության գինը կլիներ շատ ավելի էժան` 9-9.5 հազար դրամ: Ինչու ապահովագրական վճարը չեն դարձնում պետական բյուջե կատարվող վճարում, տուրք’’,- իր զարմանքն արտահայտեց ՀՀ նախկին վարչապետը: Հրանտ Բագրատյանը անուններ չթվարկելով հանդերձ` կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում երկու մարդ կա տնտեսությունից հասկացող, բայց նրանք պարտավորված են ամեն մի անհեթեթություն գովել: