Վարչապետը ՀՀԿ-ի ավտոբուսով ճամփա ընկավ
Լոռու մարզի ՀՀԿ-ական ակտիվը սպասումի մեջ է:
Henaran.am-ի տեղեկություններով, այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է, մեկնելու է Լոռու մարզ:
Հանգստյան օրերին Տիգրան Սարգսյանի հետ Լոռի կայցելեն նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Մայրաքաղաքից ժամանած պաշատոնյաները կլինեն մարզկենտրոն Վանաձորում եւ մարզի խոշոր քաղաքներում` Ստեփանավանում, Ալավերդիում: Նրանք կհանդիպեն տեղի կուսակցական ակտիվի հետ` որոշելու, թե Լոռու մարզի տարածաշրջաններից որն ինչ քարոզչական ուղղվածություն կունենա:
Մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն մտադիր է կուսակիցների հետ քննարկել նաեւ տեղերում հասարակությանն ամենաշատը հուզող խնդիրները:
Ուշագրավն այն է, որ բարձրաստիճան ՀՀԿ-ականներն ու նախարարները Լոռի կմեկնեն ոչ թե սեւ ջիպերով ու զրահապատ մեքենաներով, այլ ավտոբուսով, որի վրա պատկերված է ՀՀԿ-ի կուսակցանշանը: