26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՃՈ նախկին պետը քմծիծաղով էր լսում իր ենթակաների ցուցմունքները /վիդեո/

Դատավոր Մխիթար Պապոյան

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին: Դատարանն արդեն լսում է ամբաստանյալներին եւ անցած նիստում` դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց դատաքննությունը, քանի որ Սամվել Մախմուրյանն ասաց, որ պատրաստ չէ ցուցմունք տալու եւ հանրային պաշտպանի կարիք ունի:

Հանրային պաշտպանի գրասենյակը ապահովել է պաշտպանի ներկայությունը, սակայն ամբաստանյալ Մախմուրյանը այսօր հայտարարեց, որ հրաժարվում է դատապաշտպանի թեկնածուից:

Մախմուրյանի որոշումը վերջնական է, եւ դատարանը առաջարկեց նրան ցուցմունք տալ: Նա հրաժարվեց նաեւ ցուցմունքից հայտարարելով, հիմք ընդունել նախաքննական մարմնում տված ցուցմունքը: Պետական մեղադրող Հարություն Հարությունյանը հրապարակեց  նրա նախաքննական ցուցմունքները, ըստ որի Մախմուրյանը  ստացել է քիչ բենզին, սակայն Արա Լեւոնյանը նրան ասել է, որ գրի այլ թիվ: “Միշտ հեռախոսով ասում էր, թե ինչ թիվ գրեմ հաշվետվություններում եւ միշտ այդ թիվը չէր համապատասխանում իրական թվին, շատ էին գրում”,-նախաքննական մարմնին ասել էր ամբաստանյալը: Վերջինս նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել: Երբ նա փորձել է պարզել, թե ինչու է վառելիքը պակաս ստանում, նրան ասել են, որ վերադասը տեղյակ է:

” Զղջում եմ արածներիս համար, գիտակցում, որ օժանդակել եմ Մարգար Օհանյանին յուրացնելու ՃՈ-ին հատկացված բենզինը”,-իր ցուցմունքը եզրափակել է Մախմուրյանը:

Արա Լեւոնյանը եւս չցանկացավ ցուցմունք տալ դատարանում: Նա հրաժարվեց, եւ դատախազը ստիպված էր  հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:

Մարգար Օհանյան

Մարգար Օհանյան

Ըստ Արա Լեւոնյանի, ինքը Մարգար Օհանյանին անձամբ տվել է բենզինի կտրոններ: Օհանյանը ասել է, թե ինքը այդ բենզինը տալիս է վերադասին, բայց թե ով է վերադասը, Լեւոնյանը չի համարձակվել հարցնել: Բացի Օհանյանից, պատահել է, որ գումարտակներին պակաս տված վառելիքի կտրոնները տվել է նաեւ Ստեփան Կարախանյանին:

Նկատենք, որ Մարգար Օհանյանը քմծիծաղով էր լսում իր ենթակաների կողմից տված նախաքննական ցուցմունքները, մանավանդ այն պահերին, երբ պետական մեղադրողի կողմից հրապարակվող ցուցմունքներում տրվում է նրա անունը:

Մարգար Օհանյանի փաստաբանը ցանկացավ հարցեր տալ Արա Լեւոնյանին, սակայն վերջինս հրաժարվեց հարցերին պատասխանելուց: Լեւոնյանի խոսքով ինքը լարված է: Երբ դատավորը հարցրեց, քանի րոպե է պետք լարվածությունը անցնելու համար, նա ժամանակ չխնդրեց եւ հրաժարվեց պատասխանելուց:

Սամվել Մախմուրյանը նույնպես հրաժարվեց հարցերին պատասխանելուց:

Դատավորը հայտարարեց 15  րոպե ընդմիջում, որից հետո հրապարակվեցին  Ստեփան Կարախանյանի ցուցմունքները:

Ստեփան Կարախանյան

Ստեփան Կարախանյան

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն ՃՈ նախկին պետին ձերբակալել են հենց Կարախանյանի տված ցուցմունքների հիման վրա:  Առաջին երկու ցուցմունքներում Կարախանյանը ասել է, որ ստացել է անհրաժեշտ քանակությամբ վառելիք: Բայց եղել են դեպքեր, երբ ստացել են, բայց ստորագրել են ամսվա վերջում: Սակայն երրորդ հարցաքննության ժամանակ նա նշել է, որ կպատմի եղելությունը:

Ըստ ցուցմունքի, երբ պակաս է ստացել վառելիքը Օհանյանից հարցրել է, նա էլ պատասխանել է, որ այդպես է պետք: Սակայն աստիճանաբար վառելիքը պակասում էր, եւ Արա Լեւոնյանից նա պակաս էր ստանում բենզինի կտրոնները: Լեւոնյանը նրան ասել է, որ վերեւից են ասել:

“Քանի որ Մարգար Օհանյանը չոր բնավորություն ուներ, ես չհարցնի անձամբ նրանից, քանի որ մի անգամ արդեն պատասխանել էր, որ տեղյակ է”,-նշել է Կարախանյանը իր ցուցմունքում:

Կարախանյանը խոստովանեց, որ ՃՈ մեքենաների համար նախատեսված բենզինի կտրոններով լիցքավորել է նաեւ իր ընտանիքին պատկանող երեք մեքենաները, “լավություն” է արել ծանոթ-բարեկամներին: Կարախանյանը զղջում է արածների համար, ընդունում է մեղքը, որ օժանդակել է Մարգար Օհանյանին` յուրացնելու պետական միջոցները: Կարախանյանը կարող էր դիմել ու հայտնել կատարվող հանցագործության մասին, բայց վախեցել է:

Ի տարբերություն մյուս ամբաստանյալների, Մարգար Օհանյանը պատրաստ է ցուցմունք տալ դատարանում, բայց նրան ժամանակ է պետք:  “Այս երեք ամբաստանյալները, զարմանալիորեն սեպտեմբերի 15-ից փոխում են ցուցմունքները եւ ես բազմաթիվ հարցեր ունեմ: Չորս մեղադրյալներից միակը ես եմ, որ բենզինի հետ կապ չեմ ունեցել: Այս նույն դահլիճում ես 40 րոպեի ընթացքում վկայից դարձա ամբաստանյալ: Շատ բան ունեմ ասելու, բայց ինձ 3 օր ժամանակ է պետք պատրաստվելու”,- նշեց Մարգար Օհանյանը`խնդրելով նաեւ տրամադրել  նիստի ձայանգրությունները:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատաքննությունը կշարունակվի փետրվարի 20-ին:
http://youtu.be/irVVA9d3cvU

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ