Երկրաշարժներն ակտիվացել են. ԱԻ նախարարը մտահոգ է
Կառավարությունն այսօր նիստին հաստատել է Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների և վարքականոնների ուսուցման պիլոտային ծրագիրը:
Այս նախագծի քննարկման ֆոնին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին խնդրեց պարզաբանումներ ներկայացնել ՀՀ տարածքում վերջին շրջանում արձանագրվող երկրաշարժների վերաբերյալ:
“Ամբողջ աշարհում երկրաշարժները ակտիվացել են: Եթե նախկինում ՀՀ-ում տարեկան արձանագրվում էր երեք բալից ավելի 3-5 երկրաշարժ, ապա միայն անցյալ տարի արձանագրվել է 15 երկրաշարժ, իսկ այս տարի արդեն` 3-ը”,-նշեց Արմեն Երիցյանը: Արմեն Երիցյանը հավելեց, որ ամբողջ աշխարհում ավելացել են ավերիչ երկրաշարժերի թիվը, ինչը մտահոգիչ է:
Նախարարը նշեց, որ ՀՀ-ում գործում են 155 դիտակայաններ: Արմեն Երիցյանը տեղեկացրեց նաեւ, որ փետրվարի 17-ին, ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի և սեյսմոլոգների մասնակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մոտ տեղի է ունենալու հանդիպում-քննարկում:
Կառավարության հաստատած ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել ազգաբնակչության սեյսմիկ պաշտպանվածության մակարդակը: Տարբեր տարիքային խմբերի իրազեկված և ուսուցանված Երևան քաղաքի բնակչությունը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստ կլինի դիմակայել ուժեղ երկրաշարժերին:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 39 մլն 485 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է դասախոսությունների անցկացում, համապատասխան դիդակտիկ նյութերի, գրականության հրատարակում, հեռուստահաղորդումների համար նյութերի տրամադրում, հոգեբանական պատրաստվածության նպատակով թրեյնինգների կազմակերպում, տարահանման վարժանքների կազմակերպում: