Փնտրվում է բռնության ենթարկված լրագրողը
Փետրվարի 12-ին`Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը համացանցում հայտնվեց մի տեսանյութ, ըստ որի` ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն: Որոշ տեղեկություններով` բռնությունը կատարվել է լրագրողի նկատմամբ:
Տեսանյութը տեղադրվել է նաեւ “Հետք” էլեկտրոնային կայքում: Henaran.am-ին ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ այս դեպքը փոքր-ինչ տարօրինակ է թվում: Ոստիկանությունում զարմանում են, որ այդ լրագրողը մինչ օրս չի բողոքել կամ չի բարձրաձայնել իր իրավունքների ոտնահարման մասին:
Այնուամենայնիվ, Henaran.am-ին ոստիկանության հանրության եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
“Հետք”-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք էլեկտրոնային փոստով են ստացել տեսանյութը, նաեւ “Չենք լռելու” նախաձեռնությունն է տարածել: Իսկ “Չենք լռելու”-ից մեզ փոխանցեցին, որ իրենք Youtube-ից են վերցրել տեսանյութը: Ոստիկանությունից “Չենք լռելու”-ին առայժ հարցում չի արվել: