“Պալաչը” Ծառուկյանի հետ գժտվել է բիզնեսի “փայերի” պատճառով
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ ԲՀԿ-ի Աբովյանի կառույցից մոտ 1000 մարդ է հեռացել: Հիշեցնենք, որ ըստ մամուլի` Արթուր Հարությունյանը` “Պալաչ” մականունով, ուղղորդել է , որպեսզի կուսակցականները լքեն ԲՀԿ-ն եւ անդամագրվեն ՀՀԿ-ին:
“Այդ “Պալաչ” կոչեցյալը աշխատանքից ազատելու սպառնալիքով տաքսու վարորդներին ստիպել է, որ դուրս գան “Բարգավաճ Հայաստանից”, սակայն վերջիններս նախընտրել են դուրս գալ աշխատանքից եւ, իհարկե, կուսակցությունից դուրս չեն եկել”,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Henaran.am-ի տեղեկություններով, Արթուր Հարությունյանը` նույն ինքը “Պալաչը”, Աբովյանում հեղինակություն է, եւ բացի տաքսի ծառայությունից, մի քանի երթուղային գծերի սեփականատեր է: Նա ժամանակին մտերմիկ հարաբերությունների մեջ էր Գագիկ Ծառուկյանի հետ, նրա թիկնապահներից է եղել: Քաղաքում ասում են, որ Ծառուկյանը նրա քավորն է:
Բայց բիզնեսի “փայերի” պատճառով մտերիմ ընկերները լուրջ գժտվել են: Ի դեպ, նա տարբեր ընտրություններում միշտ աշխատել է ԲՀԿ-ի համար:
Հավելենք, որ ՀՀԿ-ից փորձեցինք իմանալ, թե արդյոք Արթուր Հարությունյանը իրենց կուսակցության անդամ է: Զարմանալի է, բայց ՀՀԿ-ում նրան տեղը չբերեցին, ասացին “Հանրապետականը” նման անդամ չունի: