Եթե Մենուան հայտնվի ԱԺ-ում, ոմանց մազերը կսպիտակեն /վիդեո/
‘’Անկախ ընդդիմության ելույթներից, մենք կերտելու ենք այն Հայաստանը, որն ուզում ենք կերտել: Մեր կարգախոսին հավատարիմ` ’’Առաջ Հայաստան’’, ով ուզում է մեզ հետ առաջ գնալ, թող միանա մեզ’’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ առանգական պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տարակուսեց, թե ինչու է այդ կարգախոսը հանկարծ հայտնվել Հայաստանի իշխող կուսակցության մոտ, եթե այն ամենասկզբում եղել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կարգախոս, հետո անցել Ռուսաստան` դառնալով իշխանական քաղաքական կարգախոս:
Մենուա Հարությունյանի խոսքով` Հայաստանը հիմա կանգնած է իրական փոփոխությունների շեմին, եւ պետք է կանգնել նախագահի կողքին, որպեսզի նա հնարավորություն ունենա իրականացնել այդ բարեփոխումները, եթե ոչ` ուրեմն թույլ կտանք, որ բացասական երեւույթները խորանան երկրում:
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` նորմալ նախընտրական ժամանակահատված է ընթանում, երբ իշխանությունը կամաց-կամաց սկսել է գործի դնել իր վարչական եւ ֆինանսական կարողությունները:
Henaran.am-ի այն հարցին, արդյոք Մենուա Հարությունյանն իրեն տեսնում է նորընտիր խորհրդարանում, վերջինս պատասխանեց, որ եթե Հանրապետական կուսակցությունը որոշի իրեն տեսնել խորհրդարանում, ապա ինքը որպես երիտասարդ քաղաքակիրթ սերնդի ներկայացուցիչ կարող է աշխատել ԱԺ-ում:
‘Ես շատ լավ էլ կաշխատեմ, ուրիշի փոխարեն չեմ քվեարկի, անհարկի չեմ բացակայի’,- ասաց Մենուա Հարությունյանը, ինչին ի պատասխան` Արմեն Մարտիրոսյանն ասաց.’ Այո, կհայտնվես խորհրդարանում ու իմ մազերը կսպիտակացնես’:
http://youtu.be/kAVo1l85JUg