Նազիկ Ավդալյանը` պատգամավո՞ ր. դա երեւի հումորի ժանրից է. Հմայակ Հովհաննիսյան
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` ՀՀԿ ցուցակը գլխավորելու մասին հարցին, նշեց, որ թեեւ դեռ որոշված չէ, որ Սերժ Սարգսյանը գլխավորելու է ՀՀԿ ցուցակը, այնուամենայնիվ, եթե նա համաձայնվի, այդ դեպքում կթուլացնի իր դիրքերը:
‘’Նախագահական ընտրությունների նախօրեին Սերժ Սարգսյանը պետք է ձեւավորի բոլոր հայերի ղեկավարի իմիջը: Ժողովուրդը չպետք է նրան ընկալի որպես միայն ՀՀԿ-ի առաջնորդ:
Իսկ ՀՀԿ ցուցակը գլխավորելու դեպքում ժողովուրդը նրան հենց այդպես էլ կընկալի: Ահա ինչու, կարծում եմ, Սերժ Սարգսյանը այնքան խելացի է, որ չի համաձայնի գլխավորել ՀՀԿ ցուցակը’’,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որոշ կուսակցությունների ղեկավարներ պատրաստվում են առաջադրվել պատգամավորության թեկնածու այլ կուսակցությունների ցուցակով, քաղաքագետն ասաց, որ ‘’Կուսակցությունների մասին’’ օրենքի համաձայն արգելվում է կուսակցությունների նախագահներին այլ կուսակցությունների ցուցակով առաջադրվել, քանի դեռ նրանք չեն լուծարել իրենց կուսակցությունները եւ դարձել անկուսակցական, եւ եթե խոսքը չի գնում դաշինքների մասին: Նա նշեց, որ դա վերաբերում է Խոսրով Հարությունյանին, Գուրգեն Արսենյանին:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ցանկության մասով` պատգամավոր առաջադրվել ԲՀԿ ցուցակով, Հմայակ Հովհաննիսյանը չկարողացավ զսպել ծիծաղն ու կարծիք հայտնեց, որ դա երեւի հումորի ժանրից է:
‘’Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը պիտի ի կատար ածի բոլոր պատգամավոր դառնալ ցանկացողների ցանկությունները’’,- եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը: